Երեկ ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր, որ Գեղարքունիքի Սոթք, Կութ և Վերին Շորժա գյուղեր ներխուժած Ադրբեջանի ԶՈւ-ն ավելացրել է զինծառայողների քանակը, սպառազինությունը, ակտիվություն է ցուցաբերում։ Այս թեմայով ԼՈՒՐԵՐ․com-ը կապ հաստատեց Վերին Շորժա և Կութ համայնքի ղեկավարներին․ երկուսն էլ նշեցին՝ ադրբեջանցիների դիրքերում ակտիվություն են նկատել․
«Հակառակորդի դիրքերում շարժ ենք նկատում, մեքենաներով մեծ քանակությամբ փայտ են կուտակում, հավանաբար, ձմռանն են պատրաստվում»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց Վերին Շորժա համայնքի ղեկավար Արտյոմ Երանոսյանը։
Վերջինս այն կարծիքին է, որ եթե ադրբեջանցիները եկել են հայկական տարածք, ապա սպասել, որ այնտեղից կհեռանան, աբսուրդ է․ «Կարծո՞ւմ էիք՝ եկել էին, այստեղ նստեին ու գնային, նախատեսել են այդտեղ էլ մնալ, հետ գնալու մտադրություն, ամենևին, չունեն»,- ասաց նա՝ հավելելով, որ թեև ադրբեջանցիները բավականին մոտ են բնակչությանը, այնուամենայնիվ, բնակչությունը արդեն հարմարվել է ստեղծված իրավիճակին․ «Այն ժամանակ, երբ տեսնում էին ադրբեջանցիներին, զարմանում էին, հիմա արդեն ամեն առավոտ տեսնում են, սովորել են»։
Անդրադառնալով հայկական դիրքերի ոչ կահավորված լինելուն՝ Արտյոմ Երանոսյանը նշեց, որ մեր կողմը անընդհատ աշխատանքներ է իրականացնում դրանց բարելավման ուղղությամբ․ «Ամբողջ մեր սահմաններին ընթանում են ճանապարհի հարթեցման աշխատանքներ, որ մեքենաները հեշտությամբ գնան ու գան դիրքերը։ Սկզբում վրաններում էին տղաները, հիմա հերթով տնակներ են ավելացնում»,- նշեց Վերին Շորժա համայնքի ղեկավարը։
Նա նաև վերհիշեց ադրբեջանցիների կողմից դիտավորյալ կրակի օջախներ ստեղծելը։ Ըստ Արտյոմ Երանոսյանի՝ դրա նպատակը այն էր՝ հայկական կողմը չտեսնի, թե ադրբեջանցիները ինչ են անում իրենց դիրքերում, քանի որ սարի լանջերը, երբ հրդեհից Սևանում էին, իրենց շարժը այդքան էլ նկատելի չէր լինում։
Մեր այն հարցին, թե արդյոք այլևս մտավախություն չունեն, որ ադրբեջանցի զինվորները կարող են նորից առաջանալ, բարելավելով իրենց դիրքերը, համայնքի ղեկավարն ասաց․ «Առաջ ո՞ւր գան էլ, հենց մեր գյուղի բերանին կանգնած են։ Մենք, եթե թողնենք, իջնենք մեր դիրքերից, միանշանակ, առաջ կգան, բայց ամուր կանգնած ենք մեր տեղում»,- նշեց Վերին Շորժա համայնքի ղեկավարը՝ ընդգծելով, որ գյուղի սահմաններին խաղաղապահ չունեն, դրանք զինվորականներն են հսկում, բայց հենց կարիքը լինի, գյուղի տղամարդիկ պատրաստ են դիրքեր բարձրանալու։
Զրուցեցինք նաև Կութ գյուղի համայնքի ղեկավարի Սիմա Չիտչյանի հետ, որն ասաց ադրբեջանցիների դիրքերում շարժ միշտ էլ եղել է․ «Չեմ կարող ասել՝ ճանապարհ են սարքում, թե ձմռանը նախապատրաստվում։ Միայն տեսանելի է, որ տեխնիկաներ են հակառակորդի դիրքերում»,- նշեց նա։
Վերջինս թեև պնդում է, որ հասարակությունը այնքան էլ հարմարված չէ ստեղծված իրավիճակին, այնուամենայնիվ, արտագաղթ չկա գյուղում․ մարդիկ հույսով սպասում են մի լավ լուրի։
Մանրամասը՝ սկզբնաղբյուրում: