Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուս-հայկական միջտարածաշրջանային 8-րդ համաժողովի մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքում նշել է, որ երկու երկրի միջև հաստատվել է բովանդակալից երկխոսություն և արդյունավետ համագործակցություն տարբեր ուղղություններով։
«Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները, որոնք հիմնված են բարեկամության և փոխադարձ հարգանքի դարավոր ավանդույթների վրա, կրում են դաշնակցային բնույթ։ Մեր պետությունների միջև հաստատվել է բովանդակալից քաղաքական երկխոսություն, արդյունավետ համագործակցություն տարբեր ուղղություններով»,- ասված է Կրեմլի կայքում հրապարակված ուղերձում։
Պուտինը նաև հայտնել է, որ ռուս-հայկական կապերի զարգացման գործում զգալի դեր է խաղում միջտարածաշրջանային կոոպերացիան, որը թույլ է տալիս փոխշահավետ նախագծեր իրականացնել տնտեսական, սոցիալական, ենթակառուցվածքային, հումանիտար և շատ այլ ոլորտներում:
ՌԴ նախագահը կարևորել է այն հանգամանքը, որ համաժողովի շրջանակներում ՀՀ և ՌԴ պաշտոնյաները, հասարակական կազմակերպությունները, ակադեմիական, փորձագիտական և գործարար շրջանակները կկարողանան փորձի փոխանակում կատարել, քննարկել երկկողմ օրակարգի հարցերը և նախանշել հետագա համատեղ աշխատանքի ուղիները:
«Ակնկալում եմ, որ համաժողովը տեղի կունենա ստեղծագործական, կառուցողական մթնոլորտում, կտրվի նոր նախաձեռնությունների մեկնարկը, որոնք կնպաստեն ռուս-հայկական արդյունավետ գործընկերության ամրապնդմանը, ինչպես նաև եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների առաջխաղացմանը»,- հավելել է նախագահը՝ հաջողություն մաղթելով համաժողովի մասնակիցներին:
Նշենք, որ հոկտեմբերի 18-ին Երևանում մեկնարկել է Հայ-ռուսական միջտարածաշրջանային 8-րդ ֆորումը, որի կազմակերպիչներն են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը, ՌԴ տնտեսական զարգացման նախարարությունը։ Ֆորումը կտևի մինչև հոկտեմբերի 19-ը։
Նիստին կմասնակցեն ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը և ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը։ Ֆորումի շրջանակում կիրականացվի նաև Ռուսական արտահանման կենտրոնի բիզնես-առաքելություն՝ շուրջ 100-150 հայ և ռուս գործարարների մասնակցությամբ։ Նիստերի աշխատանքներին կմասնակցեն նաև ՀՀ մարզպետներ, ՌԴ տարածաշրջանային ղեկավարներ, Եվրասիական տնտեսական միության, համապատասխան նախարարությունների, գերատեսչությունների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, փորձագետներ, գործարարներ։