Search
Close this search box.

Սպանություն՝ Արարատի մարզում. 30-ամյա տղամարդը, գիտակցության չգալով, մահացել է

Այսօր՝ հոկտեմբերի 16-ին, սպանություն է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 00։45-ի սահմաններում «Արտաշատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի առաջային մակերեսի կտրած-ծակած վերքեր՝ թվով 2, ձախ բազկի կողմնային մակերեսի կտրած վերքեր՝ թվով 2, գլխի գագաթային շրջանի պատռված արյունահոսող վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, ով, գիտակցության չգալով, մահացել է։

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ հիվանդանոց են մեկնել ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Գրիշա Ամիրխանյանը, ոստիկանության Արտաշատի բաժնի պետ Արտյոմ Ոսկանյանը։

Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության պետի տեղակալ Թադևոսյանն ու նույն վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Նորիկ Այվազյանը։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Արարատի մարզի Դալար գյուղի բնակիչ՝ 30-ամյա Գևորգ Պետրոսյանն էր։

Փաստի առթիվ Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվում է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։

Կայքի տեղեկություններով՝ Արարատի մարզի ոստիկաններն ու մարզային քննչական վարչության քննիչները տաք հետքերով ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ նշված սպանությունը կատարելու կասկածանքով Արտաշատի ոստիկանություն են բերման ենթարկել Դալար գյուղի բնակիչ՝ 20-ամյա Սերյոժա Սիմոնյանին։
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 00։00-ի սահմաններում իրենց գյուղի Սաղաթելյան փողոցում Ս. Սիմոնյանը վիճաբանել է Գ. Պետրոսյանի հետ, որի ընթացքում իր մոտ եղած մահակով հարվածել է վերջինիս գլխին, իսկ հետո դանակով հարվածել կրծքավանդաին։

Ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրի զննությամբ հայտնաբերել են հանցագործության գործիք հանդիսացող մահակը և ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ հանցագործության գործիք հանդիսացող դանակը հայտնաերելու ուղղությամբ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կասկածյալ Ս. Սիմոնյանը քննիչի որոշմամբ ձերբակալվել է։

Please enter a valid URL