Իրանն այդ տարածաշրջան մեծ զորախումբ է բերել տանկերով, հրետանիով, համազարկային կրակի հրթիռային համակագով և մարտական ավիացիայով, այս մասին հայտնում է Avia.pro-ն:
Չստուգված և պաշտոնապես չհաստատված տվյալների համաձայն՝ իրանական զինված ուժերի ստորաբաժանումները, որոնք մասնակցում են լայնամասշտաբ զորավարժություններին Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի սահմաններին, խափանել են Հայաստանի Սյունիքի մարզի վրա թուրք-ադրբեջանական հարձակողական գործողությունը: Պնդում են մասնավորապես, որ Իրանը կասեցրել է Անկարայի և Բաքվի՝ Հայաստանի տարածք զորքեր մտցնելու փորձը՝ բերելով այդ տարածաշրջան մեծ զորախումբ՝ տանկերով, հրետանիով, համազարկային կրակի հրթիռային համակագով և մարտական ավիացիայով:
«Իրանը տեղեկություն ունի, որ Բաքուն և Անկարան մտադրվել են գրոհել Սյունիքը և կտրել մեր ցամաքային կապը Կովկասի հետ: Այդ տեղեկության հիման վրա Իրանը համախմբել է իր ուժերը և ծավալվել է սահմանի վրա, ինչի հետևանքով Թուրքիայի և Ադրբեջանի պլանները խափանվել են»,- հայտարարել է իրանցի վերլուծաբան Սալար Սեյֆը, որի կարծիքին է հղում անում Avia.pro կայքը:
Ինչպես հայտնում են ռուսական մեկնաբանները, Իրանի նման գործողությունները հարուցել են Թուրքիայի և Ադրբեջանի խիստ դժգոհությունը: Ընթերցողներին պատմում են նաև այն մասին, որ ունեցած տեղեկությունների համաձայն, որոնք պաշտոնապես չեն հաստատվել, Հայաստանը առաջարկել է Իրանին իր տարածքում խոշոր ռազմաբազա տեղակայել: Դա ոչ միայն իրանցի զինվորներին այդ տարածքի օպերատիվ իրավիճակը հսկելու հնարավորություն կտա, այլև կապահովի Հայաստանի անվտանգությունը, եթե Թուրքիան և Ադրբեջանը որոշեն զինված բախում սկսել: