«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ լուր ստացանք, որ Սյունիքի մարզի Տեղ համայնքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համայնքապետի թեկնածու Դավիթ Ղուլունցն օրերս ինֆարկտ է ստացել եւ հոսպիտալացվել։ Նա մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի քրոջ որդին է, եւ հիմա քարոզարշավի ողջ բեռն իր վրա է վերցրել քեռին։ Խոսեցինք Ղուլունցի հետ, ով բավականին նվաղուն ձայնով պատասխանեց մեզ՝ խնդրելով իրեն չանհանգստացնել։
«Կլավանամ, բան չկա»,- ասաց նա՝ չցանկանալով մանրամասնել՝ այս պահին հիվանդանոցո՞ւմ է, թե՞ արդեն դուրս է գրվել։
Հարցին՝ ինչպե՞ս է պատկերացնում հետագա պայքարը, հնարավո՞ր է վաղաժամ դուրս գա ընտրապայքարից, պատասխանեց․ «Լավ կարծիքներ ունենք, բայց որ կատարվի․․․ Ես մասնակցում եմ պայքարին, ամեն ինչ էլ անելու եմ»։
Ավելի ուշ Տեղ համայնքի ՔՊ ցուցակի երկրորդ համար Արամ Միրզոյանը ասաց, որ թեկնածուն ոչ թե ինֆարկտ է ստացել, այլ քովիդով է վարակվել: Երբ նրան ասացինք, որ Ղուլունցը չի հերքել մեր ուղիղ հարցադրումը, ասաց․ «Չի կարողացել երկար խոսել»:
Առարկեցինք, որ բավականին երկար է խոսել, անգամ ասել է, որ շարունակելու է պայքարը, դուրս չի գալու։ Հետո զանգեց Ղուլունցի եղբայրը եւ բառացիորեն սպառնալիքներ հնչեցրեց մեր հասցեին՝ հորդորելով հեռացնել նյութը։ Ապա մեզ հետ կապ հաստատեց ինքը՝ Ղուլունցը, եւ ասաց, թե քովիդով էլ հիվանդ չէ, ուղղակի մրսել է, թոքաբորբ է, ու անցավ անիծելուն. «Դուք երեւի չեք հասկացել, անհասկացող եք, մրսելն ինֆարկտի հետ կապ ունի՞ վաբշե, ինֆարկտով տառապեք Դուք՝ ինքներդ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում