Արցախում երեկոյան տեղի ունեցած կրակոցներից հետո իրավիճակը հանգիստ է և ամբողջությամբ վերահսկվում է Արցախի ՊԲ-ի և ռուս խաղաղապահների կողմից, Արցախի Պաշտպանության բանակը զոհեր չունի, իսկ վիրավորում ստացած զինվորների կյանքին վտանգ չի սպառնում։
Այդ մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը` հայ բնակչությանը կոչ անելով չտրվել համացանցում տարածվող ապատեղեկատվությանը կամ չճշտված տեղեկություններին և հետևել բացառապես պաշտոնական տեղեկատվությանը, մասնավորապես` Պաշտպանության բանակի հաղորդագրություններին, քանի որ այս պահին շրջանառվում են իրականության հետ կապ չունեցող, ուռճացված տեղեկություններ։ «Սիրելի ժողովուրդ, պետք է հետևել միմիայն պաշտոնական լրահոսին, առաջին հերթին` Պաշտպանության բանակի տարածած տեղեկատվությանը։ Այս պահի դրությամբ, փառք Աստծո, մենք զոհեր չունենք, և բժիշկներն ամեն ինչ անում են, որպեսզի վիրավորներից ոչ մեկի կյանքին վտանգ չսպառնա։ Ընդհանուր իրավիճակը այդպիսին է, կայուն է հիմա։ Այդ հարցով զբաղվում են նաև խաղաղապահները, անմիջապես եկել են այդ վայրը, այսինքն` խուճապի համար ոչ մի պատճառ չկա», — «Արմենպրես»-ին հայտնեց Արցախի արտգործնախարարը։
Դավիթ Բաբայանի հաղորդմամբ` այսօրվա դեպքերը տեղի են ունեցել Արցախի Մարտունու շրջանի Նորշեն համայնքի մոտ։ Անդրադառնալով այն հարցին, թե ի՞նչ չափերի ու մասշտաբների են եղել արցախա-ադրբեջանական բախումները և կա՞ արդյոք լարվածության էսկալացիայի վտանգ, Դավիթ Բաբայանը պատասխանեց, որ այս պահի դրությամբ իրավիճակը լրիվությամբ վերահսկվում է։ Արցախցի պաշտոնյան չի կարծում, որ տեղի ունեցածը հիմք է լայնածավալ պատերազմի վերսկսման վտանգի մասին խոսելու համար։ «Դա հնարավոր չէ, քանի այնտեղ կանգնած են ռուս խաղաղապահները։ Պետք է դա լավ հասկանանք, չշահարկենք, խուճապ չսերմանենք։ Պատերազմ հնարավոր չէ։ Եվ պետք է հասկանանք, որ դա պրովոկացիա է թշնամու կողմից, և նման պրովոկացիաների դիմելու է, որովհետև սա իր ոճն է։ Մեզ համար սա նորություն չէ», — ընդգծեց «Արմենպրես»-ի զրուցակիցը` կարծիք հայտնելով, որ ադրբեջանական կողմի այս նոր սադրանքը ոչ թե պարզապես քաղաքական, այլ աշխարհաքաղաքական նկատառումներով է իրականացվել։
Դավիթ Բաբայանի խոսքով` Ադրբեջանը նմանատիպ գործողություններով քայլեր է ձեռնարկում ինչպես Ռուսաստանի, այնպես էլ հայության դեմ։