Իրանի անցկացրած զորավարժությունները բավական լուրջ աջակցություն էին Հայաստանի համար` Սյունիքով այսպես կոչված «միջանցքների» եւ ճանապարհների հարցում ճնշումների կիրառումը բացառելու հետ կապված: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ հարցազրույցում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:
«Իրանի Իսլամական Հանրապետությունը մեր դարավոր հարեւանն ու բարեկամ երկիրն է, որն օգնում է Հայաստանին դուրս գալ արտաքին աշխարհ: Մեր երկրների միջեւ համագործակցության զարգացման հնարավորություն միշտ կա, այդ թվում՝ քաղաքական եւ պատմական հարթություններում: Համագործակցության զարգացման անհրաժեշտությունը հատկապես զգացվում է տնտեսական եւ անվտանգության ոլորտներում: Անհրաժեշտության դեպքում պետք է խորացնել համագործակցությունը ռազմավարական ոլորտում, կնքել նոր պայմանագրեր», — նշեց նա:
Ինչ վերաբերում է Իրանի հետ ռազմական դաշինք կնքելու նպատակահարմարության հարցին, պաշտպանության նախկին նախարարը հիշեցրեց Հայաստանի՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը անդամակցության մասին: