Search
Close this search box.

ՌԴ-ն ողջունել է Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների՝ երկկողմ հարաբերությունների կարգավորման փոխադարձ տրամադրվածությունը

Ռուսական կողմի նախաձեռնությամբ Մինսկում կայացել է Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը:

Ինչպես փոխանցել է ՌԴ ԱԳՆ-ը՝ հաշվի առնելով Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի եւ բոլոր ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման մասին հայտարարության ընդունման տարելիցը, կատարվել է եռակողմ համաձայնությունների կատարման ընթացքի դիտարկում:

Հանդիպման ընթացքում նշվել է, որ նշված Հայտարարության դրույթների մեծ մասը հաջողությամբ իրականացվում է: Պայմանավորվածություն է ձեռք բերվել ակտիվացնել աշխատանքը մնացած հարցերի շուրջ:

Ռուսական կողմը ողջունել է երկու երկրների միջեւ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարության արտահայտած փոխադարձ տրամադրվածությունը: Նա վերահաստատել է իր պատրաստակամությունը՝ ամեն կերպ օժանդակել այս գործընթացին եւ առանձին, եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության միջոցով:

Ռուսաստանի եւ Հայաստանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի եւ Արարատ Միրզոյանի առանձին հանդիպմանը քննարկվել են ռուս-հայկական հարաբերությունների արդիական հարցեր, այդ թվում՝ հոկտեմբերի 12 -ին Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման զարգացումների առումով, ինչպես նաեւ արտաքին քաղաքական համակարգմանը վերաբերող հարցեր:

Լավրովը երկկողմ զրույց է ունեցել նաեւ իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ, որի ընթացքում կարծիքների առարկայական փոխանակում է տեղի ունեցել երկկողմ հարաբերությունների տարբեր ասպեկտների, տարածաշրջանային եւ միջազգային օրակարգի վերաբերյալ:

Please enter a valid URL