Ի պատասխան օգտատեր Վազգեն Թորոսյանի գրառմանը` առողջապահության նախարարությունը տեղեկացնում է.
1. Օրինակ` մարդիկ հարցնում են. «Ո՞նց տենց շուտ սարքեցինք վակցինան, եթե մյուսների համար տարիներ, տասնյակ տարիներ են ծախսել։
2. Բա մի տասը տարի պետք չի՞ փորձարկել։ Առաջին վակցինաները մի էդքան փորձարկում էին»։
Պատվաստանյութերի արագացված ստեղծումը հնարավոր է, սակայն դա չի նշանակում, որ որևէ փուլ կրճատվում կամ դուրս է մնում, ուղղակի կլինիկական հետազոտությունների փուլերը կարող են միաժամանակ իրականացվել: Եթե սովորական ժամանակացույցով պատվաստանյութի ստեղծումը տևում է մոտ 10 տարի, ապա օրինակ` Մոդեռնայի ստեղծումը՝ վիրուսի գենետիկ հաջորդականության վերծանումից մինչև կլինիկական հետազոտությունների ամփոփումը, տևել է մոտ 300 օր: Պատվաստանյութերի ստեղծման գործընթացն անցնում է ինչպես նախակլինիկական, այնպես էլ կլինիկական փորձարկումների 3 փուլ: COVID-19-ի դեմ պատվաստանյութերի ստեղծման արագացված ժամանակացույցի դեպքում նախակլինիկական փուլին զուգահեռ իրականացվել է 1-ին երկու կլինիկական փուլերը: 1-ին և 2-րդ փուլին զուգահեռ 3-րդ կլինիկական փուլը: Պատվաստանյութերի արագացված ստեղծմանը նպաստել են նաև այլ հանգամանքներ, մասնավորապես՝ պատվաստանյութերի ստեղծման տեխնոլոգիաները նոր չեն, այլ կիրառվել են արդեն առկա տեխնոլոգիաներ, միաժամանակ COVID-19 համավարակի հաղթահարման համար, պատվաստանյութերի ստեղծման և արտադրության նպատակով, մի շարք երկրների կառավարությունների կողմից կատարվել են մեծ ֆինանսական ներդրումներ, որը նույնպես նպաստել է պատվաստանյութերի ստեղծման ժամանակահատվածի կրճատմանը:
3. Բա ի՞նչ իմանանք` մի 30 տարի անց վատ հետևանքներ չի առաջացնի։
ՀՀ-ում կիրառվող COVID-19-ի դեմ բոլոր պատվաստանյութերն ունեն Առողջապահության համաշխարհային կազմակերպության, Եվրոպական դեղերի գործակալության, ինչպես նաև առանձին երկրների կողմից տվյալ ոլորտը կանոնակարգող կազմակերպությունների կողմից արտակարգ իրավիճակներում կիրառման թույլտվություն: Վերջինս փաստում է, որ պատվաստանյութերը համապատասխանում են անվտանգության և արդյունավետության չափանիշներին: Միաժամանակ, պատվաստանյութերի կիրառմանը զուգընթաց շարունակվում են նաև պատվաստանյութերի անվտանգության նկատմամբ շարունակական դիտարկումը:
4. Բա եթե պատվաստված մարդիկ էլ կարող են հիվանդանալ ու մահանալ, ինչի՞ ենք պատվաստվում։
Հիվանդացած և պատվաստված անձինք նույն կարգավիճակում չեն գտնվում. պատվաստումները նվազեցնում են վարակի տարածման ռիսկը, իսկ հիվանդանալու դեպքում հիվանդությունն ընթանում է թեթև ընթացքով: Կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստանյութերի համար արդեն իսկ փաստվել է, որ էապես դանդաղեցնում են վիրուսի փոխանցումը: Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ առկա բոլոր պատվաստանյութերը կանխարգելում են հիվանդության ծանր, ծայրահեղ ծանր ձևերը և մահվան դեպքերը:
Միաժամանակ, պատվաստանյութը լիարժեք պաշտպանում է, եթե անձը ստացել է սահմանված դեղաչափերը, և վերջին դեղաչափից անցել է առնվազն 2 շաբաթ:
ՀՀ առողջապահության նախարարություն