Search
Close this search box.

Մարիա Զախարովան` գերիների փոխանակման ու ադրբեջանցի դիպուկահարի կողմից Արցախի բնակչի սպանության մասին

Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը համապատասխան հետաքննություն է անցկացնում՝ ադրբեջանական դիպուկահարի կրակոցի հետևանքով Մարտակերտի շրջանի խաղաղ բնակչի զոհվելու հետ կապված։ Տեղեկությունն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Հոկտեմբերի 9-ին Մարտակերտի շրջանում ադրբեջանական կողմի կրակոցի հետևանքով մահացու վիրավորում է ստացել խաղաղ բնակիչ։ Մենք ցավակցություն ենք հայտնում զոհվածի բոլոր հարազատներին ու մերձավորներին», — ասել է Զախարովան։

Նրա խոսքով՝ իրենց պատասխանատվության գոտում միջադեպերի կանխարգելման համար ռուս խաղաղապահները պահպանում են շարունակական փոխգործակցությունը Հայաստանի և Ադրբեջանի ԶՈւ գլխավոր շտաբների հետ:
Գերատեսչության ներկայացուցիչը հայտարարել է, որ այս ողբերգական միջադեպը հաստատում է երեք երկրների ղեկավարների բոլոր դրույթների և հայտարարությունների անշեղորեն պահպանման կարևորությունը:

«Մենք կոչ ենք անում երկու կողմերին որքան հնարավոր է շուտ վերացնել լարում առաջացնող քայլերը, բոլորը բոլորի դիմաց սկզբունքով փոխանակել գերիներին և տալ բոլոր ականապատ դաշտերի քարտեզները», — ընդգծել է Զախարովան:

Հիշեցնենք` հոկտեմբերի 9-ին, Արցախի Հանրապետության Մարտակերտ քաղաքի մերձակայքում նռան այգում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու ժամանակ ադրբեջանական դիպուկահարի ուղիղ թիրախային հարվածից կրծքավանդակի հատվածում ստացած մահացու վիրավորման հետևանքով տեղում զոհվել է Մարտակերտ քաղաքի բնակիչ Արամ Տեփնանցը (ծնված 1966թ․)։

Please enter a valid URL