Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի հոգեւոր առաջնորդները հայտարարությամբ են հանդես եկել Ղարաբաղի վերաբերյալ

Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի հոգեւոր առաջնորդները Մոսկվայում կայացած եռակողմ հանդիպմանը կոչ են արել պարզաբանել Լեռնային Ղարաբաղում հակամարտության ընթացքում անհայտ կորածների ճակատագիրը, հեշտացնել ռազմագերիների ազատ արձակումը եւ կանխել զենքի օգտագործումը տարածաշրջանում, որը վտանգում է խաղաղ բնակիչների կյանքը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Պատրիարք Կիրիլը չորեքշաբթի Դանիլովի վանքում եռակողմ բանակցություններ է վարել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի եւ Կովկասի մահմեդականների վարչության նախագահ շեյխ-ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի հետ: Նախօրեին պատրիարքը հանդիպել էր նրանցից յուրաքանչյուրի հետ առանձին:

«Մենք կոչ ենք անում պարզաբանել անհայտ կորածների ճակատագիրը, հեշտացնել ռազմագերիների ազատ արձակման գործընթացը եւ կանխել զենքի չարտոնված օգտագործումը, որը սպառնում է խաղաղ բնակիչների կյանքին»,- ասվում է հոգեւոր առաջնորդների եզրափակիչ հայտարարության մեջ:

Նրանք նաեւ կոչ են արել հարգել պաշտամունքային օբյեկտները, գերեզմանոցները եւ պատմական հուշարձանները Լեռնային Ղարաբաղում:

«Կովկասը միշտ հայտնի է եղել իր ժողովուրդների, լեզուների եւ մշակույթների հսկայական բազմազանությամբ: Ադրբեջանցի եւ հայ ժողովուրդների համար միասին ապրելուց բացի այլ ապագա չկա: Այսօր հատկապես կարեւոր է վերականգնել մարդկանց վստահությունը միմյանց նկատմամբ, կրկին սովորել հարեւանին ընկալել հարգանքով եւ փոխօգնության պատրաստակամությամբ: Նման կոչի բանալին կրոնական սրբավայրերի, պատմական հուշարձանների եւ գերեզմանատների նկատմամբ հարգանքն է, այլ հավատքի մարդկանց կրոնական զգացմունքների հարգանքը եւ հանգուցյալների հիշատակի հոգատար պահպանումը: Կրոնական առաջնորդներին կոչ է արվում օգտագործել իրենց հեղինակությունը՝ կրոնների եւ ժողովուրդների միջեւ բարիդրացիական մթնոլորտ ստեղծելու եւ պահպանելու համար»,-ասվում է ուղերձում:

Նրանք նաեւ կոչ են արել երիտասարդներին հրաժարվել արմատականությունից եւ ագրեսիայից, ինչպես նաեւ խուսափել ատելության խոսքից եւ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսման կոչերից:

«Ապագայում անհրաժեշտ է ամբողջ ուժով ձգտել խուսափել ատելության լեզվից, ձեռնպահ մնալ հակամարտության գոտում ռազմական գործողությունների կոչերից: Մենք երիտասարդներին կոչ ենք անում չտրվել ագրեսիայի եւ արմատականության ոգուն, առաջին հերթին խաղաղություն փնտրել»,- ասել են հոգեւոր առաջնորդները:

Please enter a valid URL