Հիվանդանոցներն աշխատում են շատ ծանրաբեռնված, մահճակալային ֆոնդը սպառված է, բավականին ծանր են դեպքերը. այս առումով, բնականաբար, բավականին մտահոգիչ իրավիճակ է ստեղծվել: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 13-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանիը:
«Եթե իրավիճակը լիներ բարվոք, կարելի էր եզրակացնել, որ առավել շատ դեպքերի թիվը պայմանավորված է «առողջ» բնակչության շրջանում թեստավորումներով, բայց պետք է նշել, որ հիվանդանոցներ են դիմում մարդիկ, որոնք ունեն լուրջ ախտանշաններ եւ կարիք ունեն հոսպիտալային պայմաններում բուժսպասարկման: Սա խոսում է այն մասին, որ դեպքերն ընթանում են բավականին ծանր»,-ասաց նա:
Ռոմելա Աբովյանի խոսքով, մենք հիմա գտնվում ենք սուր շնչառական վարակի սեզոնում, ունենք բարձր ցուցանիշներ սուր շնչառական վարակների առումով, եւ մարդիկ հաճախ իրենց ախնաշանները վերագրում են սուր շնչառական հիվանդություններին եւ չեն դիմում բժշկի: