ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 12-ին ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյին:
Այս մասին տեղեկացնում են Ազգային ժողովից, մանրամասնելով, որ Ալեն Սիմոնյանը կարեւորել է Հայաստանում ԿԽՄԿ-ի մարդասիրական գործունեությունը եւ նշել, որ պատրաստ է ներդնել բոլոր ջանքերը՝ նպաստելու մի շարք խնդիրների արդյունավետ եւ արագ լուծմանը:
Թիերի Ռիբոն ԱԺ նախագահին ներկայացրել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գործունեության հիմնական նպատակները եւ ուղղությունները, մանրամասնել իր ղեկավարած կառույցի առաքելությունն Արցախյան հակամարտության առնչությամբ՝ հատկապես վերջին տարվա ընթացքում:
Կողմերը քննարկել են Ադրբեջանում պահվող գերեվարված անձանց ու անհետ կորածներին առնչվող հարցեր: Անդրադարձ է եղել նաեւ 44-օրյա պատերազմից հետո Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակին:
Թիերի Ռիբոն նշել է, որ կառույցի ներկայացուցիչները պարբերաբար հանդիպում են զոհվածների, անհետ կորածների եւ ազատազրկված անձանց ընտանիքների հետ, պարբերական այցերի միջոցով հետեւում Ադրբեջանում գտնվող մեր հայրենակիցների պահման պայմաններին: Այդ աշխատանքի նպատակներից է նաեւ կանխել գերեվարվածների անհետացումը եւ օգնել նրանց պահել կապը հարազատների հետ:
ԿԽՄԿ-ն իրականացնում է բացառապես մարդասիրական եւ ապաքաղաքական գործունեություն հակամարտության առնչությամբ` աշխատելով տարածաշրջանում 1992 թվականից Երեւանում, Բաքվում ու Լեռնային Ղարաբաղում իր գրասենյակների միջոցով: