Ռուսական խաղաղապահ զորախմբի ռազմական ոստիկանության ստորաբաժանման զինծառայողներն ապահովել են ադրբեջանական երկու ավտոշարասյուների անվտանգ ուղեկցությունը Լեռնային Ղարաբաղի տարածքով: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը:
Ռազմական ոստիկանության ստորաբաժանումն ուղեկցել է շինարարական տեխնիկայով, նյութերով եւ սնունդով 40 ավտոմեքենաներից բաղկացած երկու շարասյունը Շուշի-Կարմիր շուկա-Քաջար երթուղով եւ հակառակ ուղղությամբ:
Երթուղով ընթանալիս ոստիկանությունն ապահովել է ավտոմեքենաների անվտանգությունը հինգ ռուսական դիտակետերի պատասխանատվության գոտում:
Անցյալ ամիս ռուս խաղաղապահներն ապահովել են 78 ադրբեջանական ավտոշարասյան անվտանգ անցումը Լաչինի միջանցքով՝ հյուսիսային եւ հարավային ուղղություններով, ինչպես նաեւ Շուշի-Կարմիր շուկա-Քաջար եւ Մադագիզ-Գետավան-Վանք երթուղիներով եւ հակառակ ուղղություններով:
Քսանյոթ դիտակետերում ռուս խաղաղապահներն իրավիճակի շուրջօրյա մշտադիտարկում եւ հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն են իրականացնում:
Ռուսաստանի Դաշնության Նախագահի, Ադրբեջանի Հանրապետության Նախագահի եւ Հայաստանի Հանրապետության վարչապետի համատեղ հայտարարության մեջ նշված պայմանավորվածությունների համաձայն՝ 2020 թվականի նոյեմբերի 10-ին Մոսկվայի ժամանակով 00:00-ից սկսած հայտարարվեց Լեռնային Ղարաբաղում ամբողջական հրադադարի եւ բոլոր ռազմական գործողությունների դադարեցման մասին:
Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի եւ ռազմական գործողությունների դադարեցման վերահսկողության համար տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը: