Search
Close this search box.

Ով է կանգնած «Գեոպրոմայնինգ» ընկերության հետեւում. Ինչ կապ ունի Տրոցենկոն Ալիեւի կողմից պարգեւատրված Սեչինի հետ, ում ձեռքին կենտրոնանում են ՀՀ խոշոր հանքերը

Ռուս օլիգարխ Ռոման Տրոցենկոն Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում մոնոպոլ դիրքեր ձեռք բերում, ինչին զուգահեռ կառավարությանն է նվիրում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի բաժնետոմսերի 15 տոկոսը։

Իսկ ով է Տրոցենկոն ընդհանրապես, ով է կանգնած նրա թիկունքում, նրա կողմից ղեկավարվող «Գեոպրոմայնինգ» ընկերության հետեւում ում ականջներն են երեւում եւ ինչու է ՀՀ կառավարությունն այդքան բարեհաճ այս անձի նկատմամբ։ Որքանով է կառավարության կողմից կայացված այս կասկածելի գործարքում որոշիչ դեր ունեցել Ադրբեջանի նախագահ Ալիեւի կողմից պարգեւատրված Իգոր Սեչինը, որի խորհրդականն է հանդիսանում Տրոցենկոն։

44-օրյա պատերազմի կապիտուլյացիոն պայմանագրին հաջորդած ողջ ընթացքում ՀՀ Սյունիքի մարզը թշնամական՝ «դեմարկացիա-դելիմիտացիա» մտացածին «օպերացիայի» շրջանակում հայտնվեց ուշադրության կենտրոնում և առայսօր շարունակում է այդպիսին լինել։ ՈՒշագրավ է, որ Փաշինյան-Տրոցենկո հանդիպման և քննարկման առարկան էլ վերաբերվում է Սյունիքին, ի մասնավորի՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին և այս համատեքստում նախատեսվող նոր ներդրումային ծրագրերին ու նախագծերին: «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի 60 տոկոս բաժնետոմսերը վերջերս ձեռք բերած ռուս գործարար Ռոման Տրոցենկոն բնավ պատահական մարդ չէ, նա «Ռոսնեֆտ» պետական նավթային ընկերության նախագահ Իգոր Սեչինի խորհրդականն է 2012 թվականից ի վեր։ Այն նույն Իգոր Սեչինի, որը նավթային հետաքրքրություններ ունի Ադրբեջանում եւ 2020 թվականի սեպտեմբերին՝ պատերազմից օրեր առաջ, Ադրբեջանի նախագահի կողմից արժանացել է բարեկամության շքանշանի։

Հիմա, Իգոր Սեչինի խորհրդական Ռոման Տրոցենկոն՝ պարզվում է, ոչ միայն ԶՊՄԿ 60 տոկոսի բաժնետերն է, այլև «Փաստինֆո»-ի տեղեկություններով այն նույն անձը, որը պատրաստվում է գնել նաև Թեղուտի հանքավայրի բաժնետոմսերը, իսկ այդպիսով ստացվում է, որ նրա ձեռքում են կենտրոնանում Հայաստանի 5 խոշոր հանքավայրերը, քանի որ նա հանդիսանում է նաև Սոթքի ոսկու հանքավայրի խոշոր բաժնետերը․ միաժամանակ այս նույն գործարարին է պատկանում Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը և ձեռք է բերում նաեւ Մեղրաձորի հանքավայրը։

Ասել է, թե՝ Հայաստանի 5 խոշոր հանքավայրերը հայտնվում են օտարերկրացու ձեռքում։ Այս համատեքստում ամբողջովին հրապարակախոսական է դառնում «ՈՒ՞մ է պատկանում Հայաստանի ընդերքը» հարցադրումը, որի պատասխանը շարադրված է ՀՀ մայր օրենքում։ Իհարկե, նոր չէ, որ հրապարակախոսական է այս հարցը, բայց ինչպես տեսնում եք՝ աստիճանաբար, հայկական /թեկուզ՝ մասնավոր/ գործոնն այս կարևորագույն ոլորտից վերանում է։

Զանգեզուրի կոմբինատի հետ կապված այս պատմությունը ՀՀ 2-րդ նախագահն իր ասուլիսում որակեց որպես՝ «կոռուպցիոն գործարքի բարձր պիլոտաժ»՝ տարակուսանք հայտնելով, թե ինչու՞ է բաժնետոմսերի կառավարումը փոխանցվում վարչապետի գրասենյակին, այլ ոչ թե՝ ֆինանսների կամ էկոնոմիկայի նախարարություններին: Հատկանշական է, որ նույնաբովանդակ տեսակետ է հայտնել նաև աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը՝ «ՀՀ ասելով չենք հասկանում օրվա իշխանություն։ Դա պետք է կառավարի օրինակ՝ Ֆինանսների նախարարությունը»։ Միաժամանակ, կանխատեսելով բոլոր հնարավոր վնասներն ու վտանգները նման դեպքերում՝ նա վտանգավոր է համարել մեկ անձնի ձեռքում հանքերի, ՀՀ ընդերքի և ռազմավարական նշանակության օբյեկտների կենտրոնացումը, քանզի դա ինքնին նշանակում է մեր պետությունը մեկ անձից կախման մեջ կարող է հայտնվել՝ բոլոր հնարավոր հետևանքներով հանդերձ․․․Ընդհուպ այն, որ պետությունը կոլապսի մեջ կհայտնվի։

Ի դեպ, այն, որ ՀՀ քաղաքացիներն անտեղյակ են, թե ումի՞ց եւ ինչպես է Ռոման Տրոցենկոն գնել ԶԱՊԿ-ը, արդեն երկրորդական է դառնում, քանզի մեր փխրուն վիճակում առաջին պլան է մղվում մեկ այլ, առավել կարևոր հարց՝ ո՞վ կամ ովքե՞ր են կանգնած այս գործարքի հետևում, այսինքն, արդյո՞ք մի նոր դավ չի՞ նյութում Փաշինյանը ՀՀ-ի դեմ։

Հայաստանը սուբյեկտից վերածվել է «օբյեկտի», որին ընդամենը կերակրում են խոսքերով՝ «ծրագրերի արդյունքում կստեղծվեն նոր աշխատատեղեր և հնարավորություններ, ինչը կբացի զարգացման նոր ուղիներ, բլա-բլա-բլա․․․։

«Նյու Վասյուկիից» այն կողմ կգնա՞նք, թե՞ այսպես էլ կմնանք մեծ տերությունների դավադրությունների և կայսրությունների արանքում՝ կորցնելով պետականության վերջին ատրիբուտները։

Ի դեպ, այս գործարքում նաեւ այլ հետաքրքիր մարդկանց անուններ են շրջանառվում, որոնց կանդրադառնանք առաջիկայում։

Աղբյուր` Փաստինֆո

Please enter a valid URL