Վրաստանի նախկին նախագահ, Ռուսթավիի բանտում հացադուլ հայտարարած Միխեիլ Սաակաշվիլիի առողջական վիճակը վատթարանում է: Այս մասին հայտնել է քաղաքական գործչի բժիշկ Նիկոլոզ Կիբշիձեն, գրում է Интерфакс-ը:
Բժիշկը հայտնել է, որ Սաակաշվիլին թալասեմիա ունի: Սա արյան գենետիկական խանգարում է, որի դեպքում հեմոգլոբինի սինթեզը խախտվում է:
Նրա խոսքով ՝ Վրաստանի նախկին նախագահի համար դժվար է քայլել ու խոսել: Սաակաշվիլիի վիճակի վատթարացման մասին հաղորդագրություններից հետո բանտ են եկել նրա կողմնակիցները և ընդդիմադիր «Մթավարի Արխի» հեռուստաալիքի ուղիղ եթերում խնդրել դադարեցնել հացադուլը:
Վրաստանի Քրեակատարողական ծառայությունը Սաակաշվիլիի առողջական վիճակը նորմալ է անվանել: