Փարիզի Սալպետրիեր հիվանդանոցում 88 տարեկանում մահացել է Իրանի Իսլամական Հանրապետության առաջին նախագահ Աբոլհասան Բանիսադրը, հայտնում է РИА Новости-ն:
Մահվան պատճառը չի հստակեցվում:
Բանիսադրը Իրանի Իսլամական Հանրապետության առաջին նախագահ էր ընտրվել 1980 թ. հունվարի 25-ին: Նա Իսլամական հեղափոխության գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ռուհոլլա Խոմեյնիի համախոհն էր: Սակայն իրանա-իրաքյան պատերազմի արդյունքում Խոմեյնին նրան մեղադրել էր երկիրը ու ռազմական գործողությունները ղեկավարելու անկարողության համար և զրկել գլխավոր հրամանատարի լիազորություններից: 1981 թ. խորհրդարանը Բանիսադրին անվստահություն էր հայտնել, ինչից հետո Խոմեյնին նրան ազատել էր նախագահի պաշտոնից: Բանիսադրը մի խումբ այլ քաղաքական գործիչների հետ լքել էր երկիրը: