Հոկտեմբերի 6-ին, ժամը 22.25-ին, «Գավառ» բժշկական կենտրոնից ոստիկանության Գավառի բաժին հաղորդում ստացվեց, որ իրենց մոտ վիրավոր քաղաքացու են տեղափոխել:
Հիվանդանոց մեկնած ոստիկանության օպերատիվ խումբը պարզեց բուժօգնության տեղափոխված տղամարդու ինքնությունը՝ Նորատուսի 43-ամյա բնակիչ։ Ըստ նախնական տվյալների՝ նա հենց Նորատուսից էր հրազենային վնասվածքներով տեղափոխվել բժշկական կենտրոն։
Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ու Գավառի բաժնի ծառայողների ձեռնարկած անհետաձգելի միջոցառումների շնորհիվ հանցագործությունը կարճ ժամանակում բացահայտվեց։
Պարզվեց, որ հոկտեմբերի 6-ին, ժամը 20-ի սահմաններում, հիվանդանոց տեղափոխված տղամարդը, նրա 39-ամյա եղբայրը և նույն գյուղի 39-ամյա մեկ այլ բնակիչ Նորատուսի «Կայի Դիք» կոչվող տարածքում վիճաբանել են, ինչը վերածվել է ծեծկռտուքի: Այդ ընթացքում էլ 39-ամյա տղամարդը իրեն պատկանող ողորկափող որսորդական հրացանից կրակոց է արձակել, ինչի հետևանքով եղբայրները մարմնական վնասվածքներ են ստացել: Եղբայրներից մեկը տեղափոխվել էր հիվանդանոց, իսկ մյուսը բուժօգնության չէր դիմել։
Ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում կրակոց արձակած տղամարդը ներկայացել է ոստիկանություն՝ իր հետ բերելով որսորդական ողորկափող հրացանը։ Նա տեղի ունեցածի վերաբերյալ ներկայացրել է իր բացատրությունները։ Երկու կողմն էլ հանցագործության մասին հաղորդում են տվել։
Նշանակվել են մի շարք փորձաքննություններ։
Դեպքի բոլոր հանգամանքները պարզվում են։
Կատարվում է նախաքննություն: