Search
Close this search box.

Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտությունը չի ավարտվել․ ռուս քաղաքագետ

Հակամարտությունը չի ավարտվել, Հայաստանում և Ադրբեջանում հանրությունը մինչ օրս չի ընդունել Ղարաբաղում 2020թ․-ի սրացման արդյունքները։ Ռուսաստանի ԱԳՆ Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ​​ինստիտուտի գիտաշխատող Սերգեյ Մարկեդոնովն այս հայտարարությունն արեց Երևանում անցկացվող «Կովկասը 21-րդ դարում» միջազգային համաժողովի ընթացքում։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մի քանի անգամ հայտարարել է, որ հակամարտությունն ավարտված է, և Լեռնային Ղարաբաղի որևէ կարգավիճակի մասին խոսք լինել չի կարող:
«Ես` որպես փորձագետ, կարծում եմ, որ հակամարտությունն ավարտված չէ։ Հակամարտության ավարտը խաղաղության համաձայնագիրն է, որը քիչ թե շատ լեգիտիմ է երկու հասարակություններում»,-ասաց քաղաքագետը։
Խոսելով երկու երկրների բնակչության շրջանում առկա տրամադրությունների մասին՝ Մարկեդոնովը մատնանշեց բողոքի ալիքը, որը բարձրացավ Հայաստանում հրադադարի մասին եռակողմ հայտարարությունից հետո։ Բաքվում դժգոհության հրապարակային արտահայտման տեսանկյունից, նրա խոսքով, իրավիճակն ավելի բարդ է։ Բայց հասարակության տրամադրությունների մասին կարելի է դատել սոցցանցերի գրառումներից ու մեկնաբանություններից։

«Մենք հո կարդում ենք բլոգներն ու սոցիալական ցանցերը․ «Գողացված հաղթանակ», «Մեզ թույլ չտվեցին գրավել Ստեփանակերտը», «Ինչո՞ւ են օտար երկրի զինվորները մեր տարածքում գտնվում»։ Եվ մենք ուզում ենք ասել, թե ադրբեջանական հանրությունը լիովին ընդունե՞լ է այդ արդյունքները։ Ոչ, ոչ լիովին»,-համոզված է Մարկեդոնովը։
Միևնույն ժամանակ փորձագետի համար հասկանալի է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի տրամաբանությունը, որն արդեն բազմիցս հայտարարել է, որ Ղարաբաղյան հակամարտությունն ավարտված է ։
Սակայն ոչ միայն Հայաստանը, այլ նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները խոսում են Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հստակեցման անհրաժեշտության մասին, հետևաբար չի կարելի խոսել հակամարտության կարգավորված լինելու մասին։

Դրա հետ մեկտեղ, փորձագետի կարծիքով, ղարաբաղյան հարցի նշանակությունը Երևանի և Բաքվի համար ժամանակի ընթացքում կնվազի, այդ թվում՝ սերնդափոխության պատճառով: Նոր սերունդները նոր առաջնահերթություններ կունենան, վստահ է քաղաքագետը։

Please enter a valid URL