Search
Close this search box.

Բարդ կլինի այս ձևաչափին մասնակցել ՌԴ հետ համատեղ․ Վրաստանի ԱԳ նախարարը՝ «3+3» ձևաչափի մասին

Վրաստանի ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանին մեկնաբանել է «3+3» ձևաչափին Վրաստանի մասնակցությունը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը: Զալկալիանին հայտնել է, որ իրենց երկրի համար բարդ կլինի այս ձևաչափին մասնակցել ՌԴ հետ համատեղ:

«Միևնույն ժամանակ, Թբիլիսիին անհրաժեշտ է մասնակցել մեծ աշխարհաքաղաքական նախագծերի՝ ինչ-որ տարբերակով: Անհրաժեշտ է, որ մենք հետ չմնանք այն գործընթացներից, որ զարգանում են տարածաշրջանում, և որ անպայման մասնակցենք բոլոր նոր, անգամ ենթակառուցվածքային նախագծերին: Հակառակ դեպքում դրանք կարող են շրջանցել Վրաստանը, ինչի հետևանքով Վրաստանը կարող է կորցնել իր դերն ու գործառույթը»,- ասել է նա:

Վրաստանի ԱԳ նախարարը նաև հավելել է, որ «այստեղ կարևոր է ունենալ հստակ դիրքորոշում, որ իրենց երկրի շահերը չտուժեն»:

Հիշեցնենք, Մոսկվայում ՌԴ և Իրանի ԱԳ նախարարները հայտարարեցին նոր տարածաշրջանային ձևաչափի ստեղծման մասին` հավելելով, որ «3+3» ձևաչափին մասնակցությանն իրենց համաձայնությունը դեռ չեն տվել միայն Հայաստանն ու Վրաստանը: ՀՀ ԱԳՆ-ն այս հարցի առնչությամբ հետևյալ մեկնաբանությունն է տվել.

«Հայաստանը ելնում է այն դիտակետից, որ ցանկացած տարածաշրջանային համագործակցության ձևաչափ կարող է արդյունավետ լինել, եթե այն բավարարում է հետևյալ պայմաններին.

֊Ձևաչափը պետք է լինի ամբողջական և ներառական:

֊Այն պետք է հիմնվի դրանում ներգրավված բոլոր պետությունների միջև փոխհարաբերություններում դրական միտումներ մատնանշող զարգացումների վրա: Հակառակ պարագայում դա կարող է հանգեցնել պետությունների երկկողմ հարաբերություններում առկա խնդիրների տեղափոխմանը բազմակողմ ձևաչափ, ինչն էլ կարող է հանգեցնել թե՛ այդ բազմակողմ ձևաչափի, թե՛ երկկողմ երկխոսության խաթարմանը»:

Please enter a valid URL