Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 7-ին հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ինչպես տեղեկացնում է ՀՀ կառավարության տարածած հաղորդագրությունից, նախ, վարչապետը շնորհավորել է Ռուսաստանի Դաշնության նախագահին ծննդյան տարեդարձի կապակցությամբ, մաղթել քաջառողջություն և անսպառ եռանդ՝ պետության ղեկավարի բարձր պաշտոնում բոլոր ծրագրերի և նպատակների իրագործման համար:
Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանը և հայ ժողովուրդը բարձր են գնահատում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ջանքերը և բացառիկ դերակատարումը տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանման գործում և երախտագիտություն հայտնել Հայաստանի նկատմամբ ցուցաբերվող ուշադրության համար:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին ջերմ շնորհավորանքի և բարեմաղթանքների համար և ընդգծել, որ Ռուսաստանը մեծապես կարևորում է ռազմավարական դաշնակից Հայաստանի հետ սերտ համագործակցությունը:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ զրուցակիցները քննարկել են հայ-ռուսական հարաբերությունների օրակարգին վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել տարածաշրջանում տիրող իրավիճակին և տեղի ունեցող զարգացումներին: