«Պատիվ ունեմ» խորհրդարանական խմբակցությանը մոտ կանգնած մեր աղբյուրը տեղեկացնում է, որ որոշ ժամանակ առաջ խմբակցության անդամ, ԱԺ նախկին փոխնախագահ և Վերահսկիչ պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյանը խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի անունով դիմում է գրել, ըստ որի ինքը ցանկանում է լքել խմբակցության շարքերը և իր գործունեությունը խորհրդարանում շարունակել անկախ պատգամավորի կարգավիճակում:
Վանեցյանին մի կերպ է հաջողվել համոզել Զաքարյանին հետ վերցնել իր դիմումը, քանի որ ընդամենը 7 հոգանոց խմբակցության համար մեկ անդամի կորուստը կարող էր խիստ ճակատագրական լինել` զուտ իմիջային առումով:
Կստացվեր, որ ընդդիմադիր դիրքերից հանդես եկող խմբակցությունը իր հետ խորհրդարան է տարել մի մարդու, ով ամենևին ցանկություն չունի անգամ ֆորմալ առումով լինել ընդդիմադիր, և համալրում է իշխանությանը լոյալ պատգամավորների առանց այն էլ խիտ շարքերը:
Զաքարյանը հետ է վերցրել դիմումը, բայց որ նա Աննա Մկրտչյան չի լինի, և երբևէ հանդես չի գա իշխանությանը քննադատող որևէ ելույթով կամ հայտարարությամբ, այլ իր լռությամբ և քվերկություններով կսատարի իշխանությանը, միանշանակ է:
Թե ինչու Արթուր Վանեցյանը Իշխան Զաքարյանին մտցրեց «Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական ցուցակի անցողիկ չորրորդ տեղը, այն դեպքում, երբ իր ղեկավարած «Հայրենիք» կուսակցությունում կային իշխանության հանդեպ ընդդիմադիր կեղցվածք ունեցող, ընդդիմադիր գործունեություն ծավալող և իշխանության կողմից հալածվող մի քանի արժանավոր թեկնածուներ, որոնք այդպես էլ մանդատ չստացան, շատերի մոտ հիմնավոր կասկածներ առաջացրեցին Վանեցյանի իրական նպատակների և մղումների մասով:
Իշխան Զաքարյանը հայտնի էր նրանով, որ իր ամբողջ գործունեության ընթացքում ծառայել է բոլոր հնարավոր իշխանություններին՝ կոմունիստականից սկսած մինչև ռոբասերժական: Զաքարյանն աչքի է ընկել նաև այս կամ այն կուսակցության նախընտրական շտաբ ներդրվելով և այդ կուսակցության դեմ աշխատելով, ինչպես դա տեղի ունեցավ 2017թ.խորհրդարանական ընտրությունների ժամանակ, երբ Զաքարյանը գլխավորում էր ԲՀԿ նախընտրական շտաբը, բայց ըստ էության աշխատում էր ՀՀԿ-ական իշխանության օգտին:
Ավելին, նա մշտապես մեղադրվել է կոռուպցիոն գործարքների և չարաշահումների մասնակից լինելու մեջ, իսկ պաշտոնը կորցնելուց հետո երբևէ աչքի չի ընկել ընդդիմադիր կեցվածքով:
Կա մի տարօրինակ և անբացատրելի հանգամանք ևս. ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանին գրեթե ամենամսյա ռեժիմով մեղադրում էր ապօրինի ունեցվածք ձեռք բերելու մեջ՝ մատնանշելով նրա մի քանի միլիոն դոլար արժեցող առանձնատունը և Ծաղկաձորի օլիմպիական սպորտբազան, որը ևս Զաքարյանի սեփականությունն է, բայց իշխանության գալուց հետո Զաքարյանն այդպես էլ չհայտնվեց իրավապահների տեսադաշտում, և Փաշինյանն այլևս երբեք չանդրադարձավ ոչ Զաքարյանին, ոչ նրա ունեցվածքի ծագման աղբյուրների օրինականությանը:
Արդյո՞ք սա կարող է նշանակել, որ Զաքարյանը լեզու է գտել նաև այս իշխանության հետ և ծառայություններ է մատուցում նաև սրանց: Պատասխանը կարծում եմ առավել քանի միանշանակ է: Կա նաև մի այլ ուշագրավ հանգամանք, որը թերևս ամբողջովին կպարզաբանվի իշխանափոխությունից հետո:
Ինչպես հայտնի է, Իշխան Զաքարյանը ակտիվորեն մասնակցել է «Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական շտաբի ղեկավարմանը: Այդ դաշինքի տեղական շտաբների բազմաթիվ անդամներ այժմ կալանավորված են և մեղադրվում են ընտրակաշառք բաժանելու մեջ: Բայց այդ հարցերին Զաքարյանի առնչությանը մենք կանդրադառնանք հիշյալ քրեական գործերով դատական գործընթացի սկսվելուց հետո, որին մեր տեղեկություններով քիչ ժամանակ է մնացել:
ArmLife.am