«Տարածաշրջանը, իհարկե, այլևս չի հանդուրժի անհամաչափ պահանջներ»,- այս մասին քիչ առաջ Մոսկվայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում կտրուկ հայտարարեց ԻԻՀ նորանշանակ ԱԳ նախարար Հոսսեյն Ամիր Աբդոլլահիանը:
Հիշեցնենք, որ մինչ Մոսկվա մեկնելը Աբդոլլահիան Իրանում ընդունել էր ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին: Իսկ իր ռուսաստանյան այցի օրակարգի մասին Իրանի ԱԳ նախարարն ասել էր.
«Ակնկալում ենք, որ Ռուսաստանը կարձագանքի և զգայուն մոտեցում կցուցաբերի տարածաշրջանի երկրների սահմանների հնարավոր փոփոխությունների նկատմամբ»:
Նա ակնկալիք էր հայտնել, որ Ռուսաստանը նույնպես զգայուն կլինի ահաբեկիչների առկայության և տարածաշրջանում սիոնիստական ռեժիմի գործողությունների նկատմամբ։
Աբդոլլահիանը քիչ առաջ, ի թիվս այլ հարցերի, բավականին կոշտ և հստակ դիվանագիտական բառամթերքով անդրադարձավ Հարավային Կովկասի իրավիճակին և Թեհրան-Բաքու սրացմանը:
Նա նշեց, որ Իրանն այս գոտում տիրող իրավիճակի շուրջ ունի մի շարք անհանգստություններ:
«Մենք այդ անհանգստությունը քննարկեցինք պարոն Լավրովի հետ և համարում ենք, որ տարածաշրջանը, իհարկե, այլևս չի հանդուրժի անհամաչափ պահանջներ: Մեր հայացքը մեր հարևաններին բարեկամական, եղբայրական է, ուղղված հարաբերությունների զարգացմանը, և հնչում են հայտարարություններ, հիասթափություն է առաջացնում հարաբերությունների զարգացումն Իրանի և հարևաններից մեկի միջև:
Իհարկե, մենք այդ հայտարարություններից դժգոհ ենք և կարծում ենք, որ հարևան իսլամական հանրապետությունները պետք է դրական արձագանքեն բարիդրացիական հարաբերությունները զարգացնելու Իրանի քաղաքականությանը: Մենք, իհարկե, չենք հանդուրժի Կովկասում աշխարհաքաղաքական և քարտեզի փոփոխությունները: Լուրջ անհանգստություն ունենք ահաբեկիչների, սիոնիստների ներկայության վերաբերյալ այս տարածաշրջանում»,- հստակորեն նշեց ԻԻՀ ԱԳ նախարար Աբդոլլահիանը: