Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանցիները գլխատել են հայ ռազմագերուն․ «Հետք»

Հետքը գրում է.

Զգուշացում․ հոդվածում դաժան նկարագրություններ կան

Գերի ընկած որդու գլխատված դին ստանալուց հետո Լուսինե Դարբինյանի համար կյանքի գույները խամրել են: Տան միակ զավակն էր Գագիկը, որ սեպտեմբերի 14-ին կդառնար 20 տարեկան:

Մայրը «Հետքին» պատմել է, որ իր որդու խոշտանգված մարմինը Երևան է տեղափոխվել այն ինքնաթիռով, որը իբր դատարկ է եկել Երևան.

 

 

«Իրեն բռնել էին ոչ թե ազերները, այլ թուրք վարձկանները,- ասում է Լուսինեն,-դաժանաբար ծեծում էին, բայց ինքը մինչեւ վերջ ասում էր, որ Ղարաբաղը конкретно Армения и точка: Նույնիսկ քացով բերանին են խփում ու հարցնում են՝ լա՞վ է, որ չես ասում մեր ուզածը, Գագիկը նորից հայերեն կրկնում է, որ Ղարաբաղը Հայաստան է ու վերջ,- Լուսինեն չի առաջարկում, իմ համարձակությունն էլ չի հերիքում նայելու տեսանյութը:- Մենք իրավաբաններ Արտակ Զեյնալյանի, Սիրանույշ Սահակյանի, Կարմիր խաչի միջոցով դիմել ենք միջազգային կառույցներին, բոլորը հաստատեցին, որ գերեվարվածը 100 տոկոսով Գագիկն է: Բաքվից ստացած տեղեկությունով՝ Գագիկը գերեվարվել է դեկտեմբերի 6-ին, Հադրութի Տյաք գյուղից: Դեկտեմբերի 3-ին տեսել էինք լուրերով, որ Հադրութի գյուղերից մեկում կրակոցներ են լսվել, զինվորներ կան ողջ մնացած, որ պայքարում են իրենց կյանքի համար, բանից պարզվեց, որ Գագիկենք են եղել, բայց ոչ մեկ չգնաց էդ երեխեքին փրկելու: Ստացվում է, որ երեխեքը գերեվարվել են զենք չունենալու եւ անտերության պատճառով»:

2020թ.-ի դեկտեմբերից մինչեւ 2021թ.-ի ապրիլ ամիսը Լուսինեին չի հաջողվում տղայի ողջ լինելու որեւէ ապացույց ստանալ: Տղայի անհետանալուց վեց ամիս անց մայրը ստանում է նրա խոշտանգված դին: «Ապրիլի սկզբներն էր, երբ Բաքվից գերիների հետեւից գնացած ինքնաթիռը դատարկ եկավ, այսինքն տարածվեց լուր, որ սպանված գերիներ են բերել, բայց պաշտոնական հայտնեցին, թե գնացել, դատարկ է եկել: Մենք խառնվեցինք իրար, նորից ահազանգեցինք ու ապրիլի 19-ին հայտնաբերեցինք Գագիկիս դին Մխիթար Հերացիում: Մեզ զանգեցին ասին, որ ԴՆԹ համընկնում կա»:

Մայրն անձամբ է գնացել ճանաչելու որդու մարմինը: Ասում է, որ տղան դաժանաբար խոշտանգված է եղել, թեւի կաշին՝ քերթած, կրծքավանդակին՝ դանակի բազմաթիվ հետքեր, ոտքին՝ հրազենային երկու վերք, կողերը՝ լիովին ջարդված, մարմնի վրա այրվածքի հետքեր են եղել: Գագիկը եղել է գլխատված: Լուսինեն դիահերձող բժշկին հարցրել է, արդյո՞ք տղայի ներքին օրգանները տեղում են եւ ստացել բացասական պատասխան: «Չգիտես ինչու պատճառաբանեց, թե դին վառված է, դրա համար չկա, բայց դին էդ աստիճան վառված չէր, որ ոչ մի ներքին օրգան չլիներ, կրակը հո ներքին օրգանների վրա չէր ազդել միայն, եթե այդպես լիներ, ապա ինձ ոչ թե մարմինը կտային, այլ մի բուռ մոխիր,- ասում է Լուսինեն:- Մինչեւ հիմա էլ մեզ անհայտ է, թե Գագիկին երբ են սպանել. տեղում նկարահանել ու անմիջապես էլ խոշտանգել, սպանել են, թե Բաքու տեղափոխելուց հետո են սպանել: Ես բժշկուհուց հարցրի, թե մահը մոտավոր երբ է վրա հասել, քանի որ դիակը նոր էր սկսել թարմությունը կորցնել: Ասեց՝ դե քանի որ գլուխը չկա, չենք կարող ասել, հնարավոր է էն ժամանակ, երբ վերջին անգամ զանգել է: Երբ ես հանեցի տեսանյութը ցույց տվեցի ու ասի, որ տղաս գերի է ընկել դեկտեմբերին, իրենք էլ էպիկրիզն ինձ չտվեցին՝ ասելով, թե սա քրեական գործ է: Հիմա քրեական գործ կա հարուցված բոլոր ուղղություններով, թե ինչու են ժամկետանց զինծառայողին սպանել գերության մեջ, եւ ու՞ր է գլուխը»:

Լուսինեն ասում է, որ Գագիկի մարմինը գտնելուց մեկ ամիս անց Հադրութի տարածաշրջանից գտել են նրա հետ եղած ծառայակիցների դիակները՝ հրազենային վնասվածքներով ու պայթյունի հետքերով: 19-ամյա ժամկետային զինծառայող Գագիկ Մկրտչյանի սպանության գործով հայ իրավապաշտպանները դիմել են Եվրոպական դատարան:

Պաշտպանության նախարարության առաջարկով Գագիկի մարմինը հուղարկավորվել է Եռաբլուրում: 2020թ.-ի օգոստոսի 24-ին զորակոչված եւ պատերազմի սկսվելու պահին ընդամենը մեկ ամսվա զինծառայող Գագիկ Մկրտչյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:

Մանրամասը՝ սկզբնաղբյուրում:

Please enter a valid URL