Միշտ էլ Շուշիի հարցը եղել է, որովհետեւ Ադրբեջանը երբեք չի հրաժարվել այն մտքից, որ ադրբեջանցիները պետք է վերադառնան եւ բնակվեն Ղարաբաղում, իսկ որտե՞ղ պետք է բնակվեն: Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Լիտվա պաշտոնական այցի շրջանակում երկրի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հոկտեմբերի 3-ին կայացած հանդիպմանը։
«Եվ հայկական կողմն էլ չի վիճարկել դա: Ավելին, երբ բանակցային սեղանի շուրջ եղել է հանրաքվեի կամ հարցման կամ պլեբիսցիտի տարբերակը, հայկական կողմն էլ է ընդունել, որ Ղարաբաղի ադրբեջանցիները դրան պետք է մասնակցեն որպես ԼՂ բնակիչ: Բա Լեռնային Ղարաբաղի ադրբեջանցի բնակիչները որտե՞ղ էին բնակվելու: Տրամաբանորեն այնտեղ, որտեղ բնակվել են: Շուշիի մասին այդքան խոսում են, 30 տարվա ընթացքում Շուշիում քանի՞ բնակելի շնք է կառուցվել, ոչ մի: Ինչի՞ չի կառուցվել, փող չեն ունեցե՞լ: Վստահ չեն եղել, որ մնալու է, ակնհայտ է պատասխանը»,-ասաց նա:
Անդրադառնալով Գորիս-Կապան ճանապարհի խնդրին, վարչապետն ասաց. «Սյունիքի ավագ սերնդի ներկայացուցիչները գիտեն, որ 1990-ականների կոնֆլիկտը երբ սկսել է, այդ ճանապարհը փակ է եղել: Անընդհատ բախումների թատերաբեմ է եղել հենց Էյվազլի եւ Չայզամի գյուղերի հատվածում, որոնք եղել են սովետական ադրբեջանական գյուղեր:
Ընդհանրապես, 30 տարվա մեր ամենամեծ խնդիրն այն է եղել, որ մենք իրականության հետ չենք առերեսվել: Մենք հավաքվել ենք ասել ենք փաստարկներ եւ երբեք հարց չենք տվել՝ իսկ դրսի հայացքից մեր ասածը ո՞նց է հնչում: Իսկ դրսում միջազգային հանրությունը մեր ասածը ոնց է ընկալում»:
Փաշինյանի խոսքով, այսօր շատերը հարցնում են, նաեւ միջազգային դիտորդները, այդ ո՞նց եղավ, որ այս պատերազմից հետո կառավարությունը նորից ընտրություններում հաղթեց. «Փառք Աստծո, ընտրությունների լեգիտիմություն ՀՀ-ից դուրս ոչ ոք կասկածի տակ չի դնում, Հայաստանի ներսում էլ կասկածի տակ են դնում այն ուժերը, որոնք… ժողովուրդն էլ կասկածի տակ չի դնում:
Պարզ պատճառով հաղթեց ՀՀ կառավարությունը, որովհետեւ մենք ժողովրդի հետ անկեղծ խոսեցինք, մեզ լսեց, մեր ասածը համադրեց իր տեսածի հետ»: