ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դրական է համարել Նյու Յորքում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը: Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեի հետ համատեղ ասուլիսին Փաշինյանը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Ադրբեջանի նախագահի հետ:
«Ինչպես նախկինում եմ հայտարարել, պատրաստ եմ հանդիպել Ադրբեջանի նախագահի հետ, մասնավորապես, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո: Ադրբեջանը բարձրացնում է հումանիտար սպառնալիք ներկայացնող ականապատ դաշտերի քարտեզների հարցը: Մենք քարտեզների մի մասը փոխանցել ենք: Ինչպես երեկ ասացի, այդ պոտենցիալ հանդիպմանն ընդառաջ ես պատրաստ եմ ինձ հետ վերցնել բոլոր այդօրինակ քարտեզները, որոնք հումանիտար սպառնալիք են ներկայացնում և անվտանգային գործառույթ չունեն մեզ համար:
Հույս ունեմ, որ Ադրբեջանի նախագահն էլ, իր հերթին, իր հետ կբերի պայմանական կամ ուղիղ իմաստով Ադրբեջանում պահվող գերիների, պատանդների և այլ պահվող անձանց: Ընդ որում՝ տվյալ դեպքում պետք է նկատի ունենալ ոչ միայն նրանց, որոնց գերեվարված լինելու փաստը հաստատված է պաշտոնապես, այլև այն մեր քաղաքացիներին, որոնք, մեր տեղեկություններով, գտնվում են Ադրբեջանում, բայց նրանց՝ գերեվարված լինելու փաստը հաստատված չէ: Նկատի ունեմ՝ հեշտ չէ խաղաղ զարգացման դարաշրջան բացելու օրակարգն իրականացնելը, բայց մյուս կողմից, ես կարծում եմ, որ խաղաղությունն այլընտրանք չունի, և մենք քայլ առ քայլ, հետևողականորեն պիտի իրականություն դարձնենք այդ օրակարգը»,- ասաց վարչապետ Փաշինյանը:
Հարցին ի պատասխան, թե ե՞րբ և որտե՞ղ է ակնկալվում Փաշինյան-Ալիև հանդիպումը՝ ՀՀ վարչապետը նշեց. «Ժամկետի և տեղի սահմանափակում չունենք, որովհետև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նման հանդիպումներ կազմակերպելու պրակտիկա ունեն: Թերևս միակ տրամաբանական սահմանափակումն այն է, որ այդ հանդիպումները տեղի են ունենում երրորդ երկրների տարածքում: Իմ պատրաստակամությունը նոր չէ, որովհետև ես վերջին ամիսներին արդեն մի քանի անգամ ողջունել եմ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը, որը վերաբերում է ԼՂ հակամարտության խաղաղ և համապարփակ կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կողմից սեղանին դրված սկզբունքների և տարրերի հիման վրա, և այդ հանդիպմանը պատրաստ ենք եղել: Հույս ունեմ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո հնարավոր կլինի ակտիվացնել ԼՂ հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերը»: