Ֆինլանդիայի Ռովանիեմի քաղաքում ավարտին մոտեցող ծանրամարտի Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Արսեն Մարտիրոսյանը (109 կգ) նվաճեց չեմպիոնի կոչումը:
2021 թվականի մեծահասակների Եվրոպայի փոխչեմպիոնը երկամարտում գրանցեց 383 կգ (176+207): Պոկում վարժությունում Արսեն Մարտիրոսյանը հաջողությամբ բարձրացրեց նախ 170 կգ, ապա 176 կգ-ը: Երրորդ մոտեցման համար Հայաստանի թիմի մարզիչները պատվիրեցին 181 կգ, բայց Մարտիրոսյանը ձախողեց: Այս վարժությունում Հայաստանի ներկայացուցիչը նվաճեց փոքր ոսկե մեդալ:
Հրում վարժությունում Արսեն Մարտիրոսյանը պայքարը սկսեց 202 կգ-ով եւ հաջողությամբ ծանրաձողը ֆիքսեց գլխավերեւոմ: Երկրորդ մոտեցմամբ վստահ հրեց նաեւ պատվիրված 207 կգ-ը: Երրորդ մոտեցման համար մարզիչները պատվիրեցին 210 կգ, բայց Մարտիրոսյանին չհաջողվեց բարձրացնել ծանրաձողը:
Այս վարժությունում հայ ծանրորդը եւս նվաճեց փոքր ոսկե մեդալ՝ արժանանալով Մ23 Եվրոպայի առաջնության բոլոր երեք ոսկե մեդալներին: