Երկու տարի առաջ էլի հավաքվել էինք այստեղ քննարկելու թե կուսակցության հետագա անելիքները, թե երկրին պատուհասած պոպուլիզմի վիրուսի դեմ պայքարի միջոցները: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 1-ին, «Հանրապետականներ, շարունակական բարեփոխումներ» խորագրով խորհրդաժողովի ժամանակ նշեց ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը:
«Եթե կուսակցականի մասով մեզ հաջողվեց ոչ միայն պահպանել ՀՀԿ-ի դիրքերը՝ որպես Հայաստանի քաղաքական օրակարգ ստեղծող և ազգային շահերը հետևողականորեն պաշտպանող կարևոր դերակատարի, ապա երկիրը վերահաս աղետից փրկելու մեր բոլոր նախազգուշացումները և ջանքերը, ցավոք սրտի, լուրջ արդյունքների չհանգեցրեցին, և մարտնչող տգետների իշխանությունը մի իսկական աղետ բերեց մեր ժողովրդի և մեր երկու հանրապետությունների գլխին»,- ասաց նա:
Սերժ Սարգսյանի խոսքով, հունիսին կապիտուլյանտ իշխանությունների կողմից կազմակերպած արտահերթ խորհրդարանական ընտրությունները ինչպես և իրենք զգուշացնում էին, չլուծեցին և ոչ մի խնդիր, ոչ մի ճգնաժամ՝ անվտանգությունից մինչև արժեհամակարգային, քաղաքականից մինչև արդարության ճգնաժամ:
«Թեև ՀՀԿ-ն ժողովրդի մի մասի վստահությամբ, ի հեճուկս գործող վարչախմբի, որ ամբողջ ընտրարշավից ժամանակ և դրանից առաջ բռնաճնշումներ և բազմաթիվ անօրինական քայլեր կատարեց, վերականգնեց իր խորհրդարանական կարգավիճակը, այդուհանդերձ ԱԺ-ում ներկայացված լինելը մեզ համար երբեք գերխնդիր չի եղել: Ուստի պատեհ պահին մենք պատրաստ կլինենք շարունակել պայքարը նաև, և եթե անհրաժեշտություն լինի, բացառապես խորհրդարանից դուրս»,- ընդգծեց ՀՀԿ նախագահը: