Ղարաբաղում իրավիճակի վրա Թուրքիայի ազդեցությունը նպաստում է տարածաշրջանում հաշտեցմանը։ Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին Սոչիում իր թուրք գործընկեր Թայիփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Նշենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը չորեքշաբթի ժամանել է Սոչի։ Թուրքական պետության ղեկավարի ինքնաթիռը վայրէջք է կատարել Սոչիի միջազգային օդանավակայանում տեղի ժամանակով 12։15-ին: Այս մասին հայտնում է «Անադոլու» գործակալությունը:
Թուրք առաջնորդին դիմավորել են Կրասնոդարի երկրամասի նահանգապետի տեղակալ Ալեքսանդր Ռուպելը, Սոչիի քաղաքապետ Ալեքսեյ Կոպայգորոդսկին, Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի վարչության տնօրեն Իգոր Բոգդաշևը, Մոսկվայում Թուրքիայի դեսպան Մեհմեդ Սամսարը, Թուրքիայի գլխավոր հյուպատոս Նովոռոսիյսկում Ֆիրատ Բայարը և ուրիշներ:
Այցի ընթացքում Էրդողանին ուղեկցում են Ազգային հետախուզական կազմակերպության ղեկավար Հաքան Ֆիդանը, նախագահի աշխատակազմի կապի գրասենյակի ղեկավար Ֆախրեթթին Ալթունը և նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընը:
Թուրքիայի նախագահի աշխատակազմի կապի գրասենյակը ավելի վաղ հայտնել էր, որ Էրդողանի այցը կազմակերպվել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով:
Պետությունների ղեկավարները կքննարկեն երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և միջազգային գործընթացների վերաբերյալ հարցեր: Երկու երկրների ղեկավարները կանդրադառնան Սիրիայում, Լիբիայում և Աֆղանստանում տիրող իրավիճակին: