Jackie Abramian
(հեղինակ՝ Ջեքի Աբրամյան)
Մեկ տարի առաջ, այս օրը՝ 2020թ․–ի սեպտեմբերի 27-ին, Ադրբեջանի հանրապետությունը՝ Թուրքիայի ամբողջական ռազմական աջակցությամբ, և ավելի քան 1000 սիրիացի ջիհադիստ վարձկաններով, պատերազմ սկսեց էթնիկ հայերի նկատմամբ Լեռնային Ղարաբաղի (Արցախի) վիճելի տարածքներում։ 44 օրյա պատերազմի ողջ ընթացքում Ադրբեջանն անխտիր կիրառեց կլաստերային զինամթերք, անօդաչու թռչող սարքեր և հրետանային հրթիռներ՝ ներառյալ ֆոսֆորային ռումբերը, որոնք այրեցին անտառները՝ առաջացնելով ծանր այրվածքներ զինվորների և խաղաղ բնակիչների շրջանում:
Ի թիվս այլ սարսափելի ռազմական հանցագործությունների, ադրբեջանցի զինվորականները սոցցանցերում տեղադրել են տեսանյութեր, որտեղ պարծենում են գլխատված և գերեվարված հայ խաղաղ բնակիչների և զինվորականների խոշտանգումներով: 2020 թվականի նոյեմբերի 10-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև կնքված եռակողմ համաձայնագրով պատերազմը կանգնեցվեց և Արցախում տեղակայվեցին 2000 ռուս խաղաղապահներ:
Պատերազմական ավար հանդիսացավ Արցախի էթնիկ հայկական հողերի գրեթե երկու երրորդի օկուպացումն Ադրբեջանի կողմից: Ավելի քան 5000 հայ սպանվածի, 110 000 տեղահանվածի, 10 000 զինյալ վիրավորների և ադրբեջանական բանտերում անօրինական կալանքի տակ գտնվող ու կտտանքների ենթարկված 200 ռազմագերիների հետ մեկտեղ, դեռևս կան հարյուրավոր հայ անհետ կորածներ:
Մեկ տարի անց ադրբեջանական հարձակումները հայ բնակչության վրա շարունակվում են: Օկուպացված Հադրութի շրջանում ադրբեջանցի զինվորները պղծել են հայկական գերեզմանատները: Ֆրանսիացի լրագրող Ջեյ-Քրիստոֆ Բուիսոնը թվիթերյան իր միկրոբլոգում գրառում է կատարել դիմակավորված զինված ադրբեջանցի զինվորների մասին, ովքեր կանգնեցրել են ֆուտբոլային խաղի մասնակցելու համար Հայաստան մեկնող Արցախի ֆուտբոլի հայ երիտասարդական հավաքականի ավտոբուսը: Դաշույնով ավտոբուսի մակերեսից Արցախի դրոշը քերելով՝ ադրբեջանցի զինվորները զննել են պատերազմից տուժած երեխաների հեռախոսները՝ նշելով, որ Լեռնային Ղարաբաղը հանդիսանում է Ադրբեջանի մաս:
Անցյալ ամիս CNN Turk հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նախազգուշացնում էր․ «… Եթե հայկական ֆաշիզմը նորից փորձի գլուխ բարձրացնել, մենք նորից կջախջախենք նրան: Երկրորդ ղարաբաղյան պատերազմում պարտությունը նրանց համար պետք է դաս լինի … Կարծես թե ղարաբաղյան երկրորդ պատերազմը դեռ դաս չի եղել բոլորի համար: Եթե դա այդպես է, ապա մենք պատրաստ ենք նրանց ևս մեկ դաս տալ»:
ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատը սեպտեմբերի 23-ին ընդունեց Կարդենաս-Շիֆ-Շերմանի փոփոխությունների նախագիծը, որով Ադրբեջանից պահանջում է «անհապաղ և անվերապահորեն վերադարձնել բոլոր հայ» գերիներին՝ ինչպես զինվորական, այնպես էլ խաղաղ բնակիչներին: Պալատը նաև կոչ է անում զեկույց ներկայացնել Ադրբեջանի ռազմական հանցագործությունների, հայ խաղաղ բնակիչների դեմ անօրինական զինամթերքի և սպիտակ ֆոսֆորի օգտագործման վերաբեյալ, ինչպես նաև հետաքննություն անցկացնել թուրքական անօդաչու թռչող սարքերում ամերիկյան տեխնոլոգիաների կիրառման մասով, որի արդյունքում թիրախավորվել են հայ խաղաղ բնակիչները 2020 թվականի պատերազմի ընթացքում:
Հայաստանի Հանրապետությունը «վարույթ է հարուցել Ադրբեջանի Հանրապետության դեմ Արդարադատության միջազգային դատարանում», որը հանդիսանում է ՄԱԿ–ի գլխավոր դատական մարմինը։ Այս տարվա սկզբին Հայաստանը նաև միջպետական բողոքներ ներկայացրեց Թուրքիայի դեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
«Մարդու իրավունքների ոտնահարումներն ու միջազգային հումանիտար իրավունքի խախտումները լայն կիրառում գտան Արցախի վրա հարձակումից հետո: Վարձկաններ և ջիհադականներ տեղափոխվեցին Սիրիայից և Լիբիայից՝ Թուրքիայի հրամանատարության ներքո: Այս հանցագործները պատասխանատու էին սարսափելի հանցագործությունների համար, որոնք շարունակվում են՝ չնայած հրադադարի համաձայնությանը: Կոլումբիայի համալսարանի Արցախյան վայրագություններ ծրագրի շրջանակներում փաստագրվում են իրադարձությունները: Հուսով ենք, որ մեր հավաքած տեղեկատվությունը կարող է օգտագործվել Թուրքիային և նրա համախոհներին պատասխանատվության ենթարկելու՝ քաղաքացիական անձանց, այդ թվում կանանց և երեխաների նկատմամբ կատարված բռնությունների, ինչպես նաև մշակութային հանցագործությունների համար», — ասում է Դեյվիդ Լ. Ֆիլիպսը, Խաղաղության հաստատման և Մարդու իրավունքների ուսումնասիրման իրավունքների ինստիտուտի տնօրեն, Կոլումբիայի համալսարան:
Մինչ Ադրբեջանը հերքում է Արցախի հայ բնակչության ինքնորոշման օրինական իրավունքը, անցյալ տարվա պատերազմը հիշեցրեց 1918 թվականի սեպտեմբերյան իրադարձությունները Նախիջևանի և Արցախի գրեթե 15,000 էթնիկ հայերի համակարգված բնաջնջման մասին: Ինչպես իրենց եղբայրների՝ օսմանյան թուրքերի կողմից 1915 թ. ցեղասպանության ժամանակ օկուպացվեցին 1,5 միլիոն հայերի ունեցվածքը և տեսարժան վայրերը, այնպես էլ Ադրբեջանը շարունակում է պղծել հազարամյակներ առաջ թվագրվող Արցախի եկեղեցիները, հին գերեզմանատները, սրբազան տաճարներն ու պատմական վայրերը:
Վկայակոչելով Կովկասյան ժառանգության դիտորդի Caucasus Heritage Watch (CHW) վերջին զեկույցը` Հակիմ Բիշարան «Hyperallergic»-ում ներկայացնում է, թե ինչպես է «ավելի քան մեկ տասնյակ հայկական եկեղեցիներ, գերեզմանատներ, սուրբ խաչքարեր (Խաչքարեր) և այլ մշակութային արժեքներ կամ ոչնչացվել, կամ վնասվել են Ադրբեջանի կողմից, կամ ներկայումս վտանգված են»: Ադրբեջանի նախագահ Ալիևը հրամայել է ջնջել միջնադարյան հայերեն արձանագրությունները եկեղեցիներից՝ դրանք անվանելով «կեղծ» և վերանվանելով այդ վայրերը որպես «հին ադրբեջանական» տեսարժան վայրեր: 2019 թվականին Սառա Փիքմանի և Սիմոն Մաղաքյանի կողմից «Hyperallergic»–ում հրապարակված նորարարական դատաբժշկական զեկույցում մանրամասնորեն նկարագրվում է Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ հայկական հուշարձանների բնաջնջման և ոչնչացման երկար պատմությունը, այդ թվում` « 89 միջնադարյան եկեղեցիներ, 5 840 խաչքարեր և 22 000 գերեզմանաքարեր»:
ԱՄՆ-ի լավ–վարձատրվող PR գործակալությունները, լոբբիստական խմբերն ապահովում են Ադրբեջանի պաշտպանությունը
Լավ կազմակերպված PR քարոզարշավի կառույցները, որոնք ստեղծվել էին անցյալ տարվա սեպտեմբերին՝ ԱՄՆ բարձրակարգ PR գործակալությունների և լոբբիստական խմբերի կողմից, իրականացրեցին լայնածավալ ապատեղեկատվական արշավ Հայաստանի դեմ այն ժամանակ, երբ Ադրբեջանը ռմբակոծեց Արցախը: Հակահայկական զեկույցներն ու հոդվածները տարածվեցին ամենահայտնի ԶԼՄ-ներում՝ առավել ցայտուն The New York Times-ի Ստամբուլի բյուրոյի ղեկավար Կառլոտա Գալի ղեկավարությամբ: Այնպիսի միջազգային կազմակերպություններ, ինչպիսիք են Amnesty International-ը և Human Rights Watch-ը, հրապարակեցին ադրբեջանամետ զեկույցներ, Հայաստանին մեղադրելով պատերազմ հրահրելու մեջ, սակայն այնուհետև փոխեցին իրենց պնդումները: DataPoint Armenia-ն ներկայացրեց «պատերազմի ընթացքում սոցիալական լրատվամիջոցների կողմից պատմողական պատերազմի» կամ «աստրոթուրֆինգ» (astroturfing) վերաբերյալ ամենալայն վերլուծությունը՝ եզրակացնելով, որ հայամետ սոցիալական գրառումները «փոքր ազդեցություն են թողել միջազգային լսարանի վրա»:
Մինչ սփյուռքահայ համայնքները պահանջում էին արդարություն Ադրբեջան-Թուրքիա դաշինքի դեմ, թուրքական սփյուռքը իրականացնում էր հանցագործություններ ատելության հիման վրա` պղծելով հայկական եկեղեցիները, դպրոցներն ու գերեզմանատները: Երբ Ֆրանսիան մարդասիրական օգնություն ուղարկեց Արցախ, կոչ անելով տարածաշրջանի ճանաչումը, Ադրբեջանի խորհրդարանը կոչ արեց Ֆրանսիային «զրկել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում միջնորդական դերից՝ Ֆրանսիայի Սենատին պատժելու համար»:
Ոչ Ադրբեջանը, ոչ էլ Թուրքիան վերջին տարիներին չեն արժանացել որևէ մրցանակի մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում:
Բնաջնջման դեմ ուղղված պատերազմական հանցագործությունների փաստաթղթերի արձանագրում
«Ժողովրդավարությունն այսօր» ՀԿ-ի՝ «Այլևս երբեք. 44-օրյա պատերազմ՝ պատերազմական հանցագործություններ և միջազգային իրավունք» զեկույցում արձանագրված են 44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանի և Թուրքիայի կողմից իրականացված ռազմական հանցագործությունները, ինչպես նաև զինված հարձակումները քաղաքացիական բնակչության, երեխաների, լրագրողների, հումանիտար առաքելությունների ներկայացուցիչների, կրոնական, մշակութային և կրթական հաստատությունների և քաղաքացիական սեփականության վրա: Զեկույցը փաստում է խաղաղ բնակիչների և մոտ 200 ռազմագերիների նկատմամբ ադրբեջանական խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի մասին: Այն ներկայացվել և ուղարկվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) Հայաստանի կառավարության կողմից` որպես Ադրբեջանի և Թուրքիայի կողմից կատարված հանցագործությունները վկայակոչող համաշխարհային պատմության մեջ մշտական փաստաթուղթ:
Ճ
շմարտության և արդարադատության կենտրոնը (CFTJ – Center for Truth and Justice), որը ձևավորվել է 2020 թվականի նոյեմբերին, «բաձրաձայնում է մարդու իրավունքների ոտնահարված զոհերի մասին»: Մոտ 25 ամերիկահայ փաստաբաններ ընդգրկված են են կազմակերպությունում անկախ, կամավորական հիմունքներով, տնօրինում են Հայաստանում գործող իրավական կլինիկան և վերապատրաստում են տեղի իրավաբան-ուսանողներին և երիտասարդ իրավաբաններին` 44-օրյա պատերազմը վերապրած վկաների հետ հարցազրույցների միջոցով ապացույցներ հավաքելու համար: Մինչ օրս Հայաստանում և Արցախում CFTJ-ն անցկացրել է գրեթե 150 հարցազրույց և վերապատրաստել 100 մարդու՝ վկայություններ ձեռք բերելու հմտություններով:
«CFTJ-ը վավերագրում է պատերազմը վերապրածների վկայությունները, դրանք արձանագրվում են և ամրագրվում, որպեսզի որևէ մեկը չկարողանա փորձել վերաշարադրել այդ պատմությունները: Կեղծ լուրերի աշխարհում, որտեղ ճշմարտությունը մշտապես թաղվում է ստերի մեջ, մենք հավատում ենք, որ անմիջապես վկաներից ստացված տեղեկությունները եզակի հավաստի աղբյուր են հանդիսանում», — ասում է էթիկայի փաստաբան և CFTJ հիմնադիրներից Թամարա Ոսկանյանը, ով բացատրում է, թե ինչպես են ձևավորվում հարցազրույցի հարցերը՝ նպատակ ունենալով հավաքել ապացույցներ՝ իրավական գործընթացներին աջակցելու համար: Հարցազրույցների ավարտից հետո հավաքված ապացույցները դասակարգվում են որպես հնարավոր իրավական գործողությունների հիմքեր: CFTJ- ն արդեն ապացույցներ է տրամադրել մի քանի երկրների փաստաբանների, ովքեր աշխատում են համապատասխան իրավական գործընթացների շրջանակներում:
Քանի որ CFTJ կամավորների մեծ մասը, ինչպես Հայաստանում, այնպես էլ Հայաստանի սահմաններից դուրս, կանայք են, հարցազրույցները հաճախ որոշակի մշակութային բարդ դինամիկայի են բախվում, երբ վկան տղամարդ է, իսկ հարցազրույց իրականացնողը` կին: Ավանդական հայրիշխանական հայ հասարակությունում տղամարդիկ հաճախ խուսափում են անկեղծանալ և խոցելի լինել, ինչն անհրաժեշտ է հաջող հարցազրույց իրականացնելու համար, ուստի CFTJ-ի դասընթացները համապատասխան ցուցումներ են առաջարկում իրավագիտության ուսանողներին և իրավաբաններին: Կին հարցազրուցավարներին սովորեցնում են զրույցի սկզբում հաստատել իրենց չեզոք դիրքը և ձեռք բերել իրենց վկաների վստահությունը՝ նախքան որևէ քննարկում ձայնագրելը:
CFTJ- ի հարցազրույցների մի մասն իրականացվել են վերադարձված ռազմագերիների և նրանց ընտանիքների հետ: Պատերազմի ավարտից գրեթե մեկ տարի անց, Ադրբեջանը շարունակում է պահել մոտ 200 հայ ռազմագերի, մինչդեռ հրապարակայնորեն պնդում է, թե 40-ից քիչ են այնտեղ պահվող ռազմագերիները: Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի կողմից նոյեմբերի 9-ին ստորագրված ռազմական գործողությունների դադարեցման մասին համատեղ հայտարարությամբ կողմերը պարտավորվում էին ազատ արձակել պահվող ռազմագերիներին: Համաձայն հայտարարության պահանջի՝ Հայաստանում ներկայումս չկան ադրբեջանցի ռազմագերիներներ, մինչդեռ Ադրբեջանը շարունակում է հայ ռազմագերիներ պահել՝ խախտելով ինչպես միջազգային իրավունքը, այնպես էլ խաղաղության համատեղ հայտարարությունը:
«Ազատ արձակված ռազմագերիներից նրանք, ովքեր զրուցել են CFTJ-ի հետ, բոլորը հստակ վկայություններ են տվել խոշտանգումների մասին», — ասում է Ոսկանյանը: Գերիները ենթարկվում էին տարատեսակ բռնությունների՝ կրակայրիչով այրում էին նրանց մատները, էլեկտրահարում, աչքերը կապած վիճակում ծեծում, նվաստացնում և տևական ժամանակ ծեծի ենթարկում մարմնի նույն հատվածներում, որպեսզի վնասվածքները ավելի հին թվային, և ոչ՝ կրկնվող:
CFTJ-ի վերջին զեկույցը՝ Սպիտակ փաստաթուղթը, որը ներկայացնում է հայ գերիների նկատմամբ անմարդկային վերաբերմունքի և խոշտանգումների ապացույցները, ուղարկվել է ԱՄՆ Կոնգրեսի ընտրված անդամներին, ինչը, ըստ Ոսկանյանի, հիմք է հանդիսանում Ադրբեջանի մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ կոնգրեսական լսումներ անցկացնելու համար: Այն նաև կոչ է անում Կոնգրեսին պատժամիջոցներ սահմանել և դադարեցնել Ադրբեջանին տրամադրվող աջակցությունը, քանի դեռ նրանք չեն ազատել բոլոր հայ ռազմագերիներին:
Ըստ CFTJ- ի՝ Ադրբեջանը խախտում է միջազգային իրավունքները՝ հայ ռազմագերիների նկատմամբ իրականացնելով կեղծ դատավարություններ, ինչպես, օրինակ, նախորդ ամառվա ընթացքում, երբ Ադրբեջանը դատեց և դատապարտեց տասնյակ հայ ռազմագերիների: Որոշ ընթացիկ դատավարություններում նրանք հայ գերիներին զրկում են ամենատարրական իրավական պաշտպանությունից, մինչդեռ պատիժները կամայական և չափազանցված են, չեն հիմնավորվում որևէ փաստական ապացույցով և ավելի շատ ցուցադրական բնույթ են կրում:
Վերադարձված կին ռազմագերի Մարալ Նաջարյանը խոսել է CFTJ-ի հետ մարտ ամսին ազատ արձակվելուց հետո: Լիբանանի քաղաքացի Նաջարյանը Բեյրութի պայթյունից հետո տեղափոխվել է Արցախ և հրադադարի համաձայնությունից հետո գերեվարվել իր ընկեր Վիկեն Էուլջեքյանի հետ: Նա չորս ամիս պահվել է Ադրբեջանում՝ մեղադրվելով «վարձկան» լինելու մեջ, սակայն չի դատապարտվել: Էյլջեքջյանը, սակայն, հունիսին Բաքվի դատարանում դատապարտվեց 20 տարվա ազատազրկման, ինչը, ըստ Ոսկանյանի, արդարադատության ծաղրանք է:
Քանի որ հարևանությամբ գտնվող Հայաստանն ու Ադրբեջանը ներգրավվել են պատերազմում դեռևս այն ժամանակ, երբ երկու երկրները պաշտոնապես դուրս չէին եկել Խորհրդային Միությունից, դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը ստեղծել է տեղեկատվական խորը վակուում վերջին պատերազմից հետո, ասում է Ոսկանյանը:
Պատերազմը հաղթահարած կանայք, հետտրավմատիկ սթրես և տեղահանություն
Հայաստանի բնակչության 45%-ը տղամարդիկ են, որոնցից ավելի քան 10.000-ն այս պատերազմում հաշմանդամություն ստացած վետերաններ են, իսկ հարյուրավորները տառապում են Ադրբեջանի կողմից օգտագործվող սպիտակ ֆոսֆորի պատճառած ծանր այրվածքներից: Այսպիսի պայմաններում, տեղահանված և ապրուստի խնդիր ունեցող անձանց մասին հոգածության բեռը հիմնականում ընկնում է կանանց վրա:
Կանայք կազմում են ՏՏ աշխատուժի 30%-ը Հայաստանում, մինչդեռ աշխարհում ՏՏ ոլորտում զբաղված կանանց միջին մասնաբաժինը 20%-ից պակաս է: Տեղահանված կանանց համար բարձր վարձատրվող աշխատանքի հնարավորություններ ստեղծելու համար Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն (GITC) կրթական հիմնադրամը վետերանների ընտանիքների 100 կին անդամների առաջարկում է անվճար վեբ զարգացման դասընթացներ: Նախաձեռնությունն աջակցում են ԱՄՆ-ում բնակվող հայ դոնորները, այդ թվում՝ Հայ օգնության ֆոնդը:
«GITC-ի նախաձեռնությունը կանանց տրամադրում է մատչելի հմտություններ և հնարավորություն է ընձեռում կառուցել ամուր, բարձր վարձատրվող ՏՏ կարիերա` ճկուն հեռավար աշխատանքի հնարավորությամբ, որը կարելի կլինի համատեղել կանանց ընտանեկան և տնային պարտականությունների հետ»,-բացատրում է Գյումրիի Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի գործադիր տնօրեն Ամալյա Եղոյանը, ով մասին GITC ծրագրի շահառուների համար աշխատանքի տեղավորման հնարավորությունների բանակցություններ է վարում մասնավոր սեկտորի հետ:
Միջազգային քրիստոնեական կոնցեռնի (ICC) արցախյան նախագծի ղեկավար Քլեր Էվանսը ասում է, որ Արցախից տեղահանված գրեթե 60,000 հայերի մեծ մասն այժմ ապրում է Հայաստանում:
«Քանի որ Հայաստանի կառավարության ժամանակավոր կացարանների տրամադրման ծրագրի ժամկետը լրանում է տարեվերջին, մենք ակնկալում ենք, որ 2022 թվականի սկզբին բնակարանային լուրջ ճգնաժամ կարող է լինել՝ ենթադրելով, որ կառավարությունը չի կարողանա ավարտել նոր տների շինարարությունը»։ Էվանսը բացատրում է, որ գյուղերից տեղահանված կանայք այգիների սերմացուի և անասունների կարիք ունեն՝ որպես մեկնարկային աջակցություն, եկամուտ ստեղծելու և կյանքի որակը բարելավելու համար:
Նրանք հիգիենիկ պարագաների, այդ թվում՝ անձեռոցիկների ու լվացքի մեքենաների կարիք ունեն, քանի որ լվացք անելու հնարավորություն չկա: Էվանսը վկայակոչում է Հադրութից տեղահանված կնոջ դեպքը, որի ամուսնուն «խոշտանգել են և կախել իրենց տանը, իսկ որդուն սպանել են» մարտի դաշտում. նա այժմ բնակվում է Երևանում՝ ժամանակավոր կացարանում։
«Նրա համար տուն վերադառնալն այլևս անհնար տարբերակ է, քանի որ Հադրութն այժմ ամբողջությամբ գրավված է ադրբեջանցիների կողմից», — ասում է Էվանսը: «Նա այնպիսի տրավմայի է ենթարկվել, որ դժվարանում է նույնիսկ հաղորդակցվել, չունի եկամտի որևէ աղբյուր: Նա վարկ է վերցրել՝ տուն գնելու համար, սակայն չի կարող վճարել ողջ գումարը: Մենք կարծում ենք, որ սա նրա համար լավագույն երկարաժամկետ տարբերակն է »:
ICC-ն շարունակում է ծառայություններ մատուցել հարյուրավոր տեղահանվածների, նրանց թվում՝ 11-ամյա պատանու և նրա ընտանիքին, ովքեր ցանկություն ունեն Արցախ վերադառնալ։ Ընտանիքի հարսը ստիպված էր հրաժեշտ տալ իր զոհված հորը՝ իր հարսանիքի նախօրեին:
Շարունակելով հետևել հայ գերիների նկատմամբ Ադրբեջանի շարունակական հանցագործություններին, ICC -ի՝ հումանիտար հեռանկար հայտարարությունը կոչ է անում խորությամբ հետաքննել Արցախի իրավիճակը՝ միջազգային մարդասիրական և կրոնական ազատությունների հանրությանը քաջալերելով «իրազեկման, աջակցության և շահերի պաշտպանության» քայլեր ձեռնարկել: Այն նաև կոչ է անում մարդասիրական դիտարկումներ անցկացնել Արցախում մնացած բնակիչների կարիքների համար: Ադրբեջանի և Թուրքիայի կողմից տեղահանված անձանց անձը հաստատող փաստաթղթերի և «անձնական սեփականության բռնազավթումը և ենթադրյալ ոչնչացումը» էլ ավելի է մեկուսացնում վերապրածներին հնարավոր «մարդասիրական լուծումների» հնարավորությունից:
«Անհայտ կորածների ընտանիքի անդամներն ամենօրյա մղձավանջի մեջ են ապրում, շատերի երեխաներն, ըստ էության, առևանգված են (անչափահաս զինվորները): Որպես մայր, ես խորը կարեկցանք և վիշտ եմ զգում գերիների ընտանիքների համար, հատկապես՝ մայրերի և երիտասարդ կանանց համար », — ասում է Ոսկանյանը: Նրա խոսքով՝ պատերազմի հետևանքով Հայաստանում բազմապատկվել են կանանց խնդիրներն, ովքեր մինչ այդ էլ՝ նորաստեղծ տնտեսության և քաղաքական անկայուն պայմաններում ստիպված էին բազմաթիվ դժվարություններ հաղթահարել։ Մինչդեռ բարձրագույն կրթություն ստացած կանայք երկրի կառավարման մեջ փոքրաթիվ ներկայացվածություն ունեն, ինչը ակնհայտ դարձավ վերջին ընտրություններում, որտեղ կառավարության նշանակված 15 նախարարներից միայն մեկն է կին: «CFTJ- ի նպատակներից է նաև ընդլայնել կանանց դերը Հայաստանի իրավական համակարգում՝ դրանով իսկ բարձրացնելով նրանց կարգավիճակը հասարակության մեջ: Փորձելով ամոքել այս պատերազմի թողած վերքերը՝ կանայք իրենց ուսերի վրա են պահում Հայաստանն այս դժվարին ժամանակներում և պատրաստում այն ավելի պայծառ ապագայի համար»: