Դեռեւս 2019-ին մեկնարկել էր էլեկտրաէներգետիկ համակարգի շուկայի ազատականացման գործընթացը, որը բավական ծավալուն գործընթաց է: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 29-ին, լրագրողների հետ զրույցում նշեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը:
Նրա խոսքով, այդ դեպքում էլեկտրաէներգիայի վաճառքը կարելի է իրականացնել մատակարարման լիցենզիաների միջոցով. «Այսինքն ՀԷՑ-ից բացի նաեւ այլ ընկերություններ կարող են ստանալ լիցենզիա եւ ունենալով հնարավորություն էլեկտրոնային հարթակում ձեռք բերել էլեկտրաէներգիա, առանց կարգավորվող գների վաճառել այդ էլեկտրաէներգիան»:
Նա անդրադարձավ նաեւ ջրի սակագնի հնարավոր փոփոխությանը՝ հաշվի առնելով, որ «Վեոլիա ջուրը» արդեն իսկ հայտ է ներկայացրել հանձնաժողովին՝ առաջարկելով ջրի սակագինը այսօր գործող 188 դրամի փոխարեն սահմանել 224 դրամ:
«2022 թվականի համար արդեն իսկ ջրի բազիսային գինը, դեռեւս հաշվի չառած գնաճը, ջրի ծավալների փոփոխությունը, էլեկտրաէներգիայի սակագնի փոփոխությունը, 214 դրամ է: Այսինքն այդտեղ արդեն իսկ ունենք 34 դրամի ավելացում: Հայտը մուտք է եղել օգոստոսի սկզբներին, հիմա իրականացվում է մոնիտորինգ:
Նաեւ քննարկում ենք վարձակալության պայմանագրի սցենարում փոփոխությունների հնարավորությունը: Բանակցում ենք «Վեոլիա ջրի» հետ առաջիկա 10 տարում հաստատուն գնային քաղաքականություն ունենալու համար: Այսինքն կունենանք հաստատուն որոշակի գին 10 տարվա համար: Հիմա այդ թվի շուրջ ենք բանակցում»,-ասաց ՀԾԿՀ նախագահը:
Նա նաեւ տեղեկացրեց, որ անապահով խավը ներկայացնող շուրջ 100 հազար բաժանորդի համար սակագինը չի փոխվի: «Որոշակի թանկացում նախատեսվում է մեր առաջարկում: 2022-ի հունվարի 1-ին է նոր սակագինը ուժի մեջ մտնելու»,-ասաց Բաղրամյանը:
Լրագրողներից մեկը հիշեցրեց, որ 2019-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ «վեոլիա ջուր» ընկերության հետ պայմանավորվել են, որ մինչեւ 2024 թվականը ջրի սակագինը չի բարձրանա: Գարեգին Բաղրամյանն ի պատասխան ասաց. «Մենք կարող ենք մինչեւ 2035 թվական էլ չբարձրացնել ջրի սակագինը՝ համապատասխան վարձակալության գումարները չվճարելով: Կարող է կառավարությունը չուզել այդ գումարները կամ նվազեցնել, փոխարենը սակագինը թողնել անփոփոխ: Նույն 188 դրամ սակագինը, որ երեք տարի պահվում էր, պահվում էր ելնելով նրանից, որ համապատասխան չափով վարձակալության վճարները նվազեցվում էին: Հիմա մենք առաջարկում ենք, որ բյուջեի որեւէ նվազեցում չունենալով, այսինքն տարիների մեջ տեղաբաշխում անելով, քանի որ 2026 թվականից էլ նվազում էր տեղի ունենալու, ոչ թե նվազեցնենք, այլ պահենք որոշակի նույն մակարդակի վրա»: