Search
Close this search box.

Գունագեղ տոնակատարություն անելու հնարավորություն ունենք, Արցախի հարցով զբաղվելու՝ ոչ. Թագուհի Թովմասյան

«44-օրյա պատերազմը տվեց ոչ միայն տարածքային կորուստներ, զոհեր, հաշմված մարդիկ, այլ հարյուրավոր անտուն մնացած քաղաքացիներ, որոնց խնդիրները մեկ տարվա ընթացքում ամբողջական չեն լուծվել, մենք ունենք լրջագույն խնդիրներ նաև տեղահանված բնակիչների կեցության հետ կապված»: Այս մասին խորհրդարանում տեղահանված արցախցիների իրավունքների վերաբերյալ քննարկման ժամանակ ասաց ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը:

«Այսօրվա մեր սակավամարդ քննարկումը վկայում է այն մասին, որ Արցախի Հանրապետություն տերմինը չօգտագործած քաղաքական իշխանությունը ոչ ադեկվատ վերաբերմունք է ցուցաբերում Արցախին առնչվող հարցերի քննարկման ժամանակ: Մենք նկատում ենք, որ փորձ է արվում Արցախ բառը հնարավորինս քիչ օգտագործել ՀՀ խորհրդարանում: Ստացվում է, որ պատերազմից մեկ տարի անց մենք ունենք տրամադրություն, հնարավորություն՝ գունագեղ միջոցառում կազմակերպելու, բայց Արցախին առնչվող հարցերի մասով մենք կաղում ենք: Մեր այս քննարկումը նաև ի հեճուկս այդ վերաբերմունքի է, որպեսզի ցույց տանք, որ խորհրդարանում կան ուժեր, մարդիկ, որոնք Արցախը շարունակում են համարել արժեք, մեր երկրորդ հայրենիք և Արցախի հետ կապված ցանկացած խնդիր հենց մեր խնդիրն է»,-ասաց Թովմասյանը:

Please enter a valid URL