Search
Close this search box.

Ադրբեջանը կանգնած է մի շարք մարտահրավերների առջև, որոնք անմիջապես հաջորդել են այս երկիրը պատած էյֆորիայի ավարտին․ իրանագետ

Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Չնայած Բաքվի բռնապետի հոխորտանքներին և սանձարձակ հռետորաբանությանը, Ադրբեջանը կանգնած է մի շարք մարտահրավերների առջև, որոնք անմիջապես հաջորդել են այս երկիրը պատած էյֆորիայի ավարտին։

Ակնհայտ է, որ, ի դեմս Թուրքիայի և Պակիստանի, այսպես կոչված, իխվանական («Մահմեդական եղբայրների») համասուննիական առանցքի ռազմաքաղաքական ազդեցության հսկայական աճն ավանդաբար շիայական բնակչությամբ երկիր Ադրբեջանում առաջ է բերել ներքին լարման կետեր՝ հատկապես շիա իսլամի այնպիսի պատվարներ հանդիսացող շրջաններում, ինչպիսին Բաքվից դուրս Ապշերոնն է կամ Թալիշստանը՝ հանգեցնելով նաև բնակչության թուրքամետ և իրանամետ հատվածների միջև բեկվածքների մեծացմանը։

Դրան նպաստում է նաև Իրանի բավական ակտիվ արտաքին ճնշումը Բաքվի բռնապետի վրա, որն իրականցվում է «մտրակի և քաղցրաբլիթի» քաղաքականությամբ և շատ հստակ դերաբաշխմամբ։

Գրեթե նույնանման քաղաքականությամբ Ադրբեջանի վրա ճնշումը մեծացրել է նաև Ռուսաստանը, որը չնայած այս երկրից ներս չունի համակիր կամ աջակից բնակչության զգալի խմբեր, սակայն, ի դեմս Արցախում տեղակայված խաղաղապահ զորակազմի (իմա՝ ռազմակայանի), տիրապետում ազդեցության լրջագույն լծակի։

Որքան էլ պարադոքսալ թվա, սակայն թուրքական գրեթե անսահմանափակ ազդեցությունը և Ադրբեջանի ինքնիշխանության որոշակի կորուստը չի կարող խանդավառություն առաջ բերել Բաքվի բռնապետի մեկ այլ աջակցի՝ Իսրայելի քաղաքական ղեկավարության շրջանում, որն իր ազդեցության պահպանման համար արդեն լրջորեն ստիպված է մրցակցել էրդողանական վարչախմբի հետ։

Եթե սրան ավելացնենք այն խնդիրները, որոնք առկա են Եվրամիության անդամ որոշ պետությունների և ԱՄՆ-ի հետ հարաբերություններում, ապա Բաքվի բռնապետը, պատկերավոր ասած, հաճախ ստիպված է հանդես գալ լարախաղացի դերում․ որը ներքաղաքական և միջազգային նուրբ պարանի վրա ճոճվելիս փորձում է հավասարակշռությունը պահպանել նաև լեզվի անկանոն շարժումներով:

#թշնամու_իրական_վիճակը

#մահ_թշնամուն»:

Please enter a valid URL