Search
Close this search box.

Արման Թաթոյանը՝ ԵԽԽՎ երեկվա բանաձևի մասին

ԵԽԽՎ երեկվա բանաձևում ներառվել է ՀՀ սահմանների շուրջ ապառազմականացված գոտի ստեղծելու ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի առաջարկը
Հայաստանի ու Ադրբեջանի միջև ապառազմականացված գոտի ստեղծելու ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հայեցակարգն ակտիվորեն տարածվում է նաև միջազգային հանրությունում։ Այս առաջարկը ԵԽԽՎ հատուկ զեկուցողին ներկայացվել էր փաստերի հիմնավորումով:

Մասնավորապես, երեկ Ստրասբուրգում ընդունվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հումանիտար հետևանքների վերաբերյալ ԵԽԽՎ բանաձևը, որտեղ, այլ հարցերի թվում, երկու երկրներին կոչ է արվում սկսել բանակցություններ դելիմիտացիայի ու դեմարկացիայի վերաբերյալ և ուսումնասիրել ապառազմականացված գոտի ստեղծելու հարցը խաղաղապահ կամ ռազմական մշտադիտարկման ուժերի ներգրավմամբ։

Վերջին մեկ տարվա ընթացքում իմ տարաբնույթ հանդիպումներն ու քննարկումները միջազգային տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ նպատակ են ունեցել ապացուցել, որ ադրբեջանական զինված ծառայողների հանցավոր արարքները կանխելու միակ արդյունավետ տարբերակն անվտանգության (ապառազմականացված) գոտի ստեղծելն է․ պատերազմից հետո ՀՀ գյուղերի հարևանության և համայնքների միջև ճանապարհներին ադրբեջանական զինված ծառայողների տեղակայումները, այդ թվում՝ դրոշներն ու ցուցանակները, զուրկ են իրավական որևէ հիմքից, նրանք պետք է հեռացվեն և ստեղծվի անվտանգության (ապառազմականացված) գոտի:
Ավելին, Ադրբեջանի հետ միայն դելիմիտացիան ու դեմարկացիան` առանց անվտանգության գոտի ստեղծելու, ոչ միայն չի ապահովելու ՀՀ քաղաքացիների ու հատկապես ՀՀ սահմանային բնակիչների իրավունքները, այլ կդառնա իրավունքների նոր խախտումների ու նոր լարվածության պատճառ։

Ավարտին են մոտենում անվտանգության գոտու հայեցակարգի աշխատանքները, որտեղ ծավալուն վերլուծությամբ, այդ թվում՝ քարտեզի միջոցով, ցույց ենք տվել դրա անհրաժեշտությունը մարդկանց իրավունքների պաշտպանության համար։
Բանաձևի վերջնական տարբերակը՝

Արման Թաթոյան
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան

Please enter a valid URL