Հայրենասիրական պաթոսին մնաց ուղիղ 6 ժամ
Տպավորություն է, որ շատերը վայրկյանաչափը միացրած սպասում էին սեպտեմբերի 27-ին, որ բոլոր հնարավոր վիրտուալ ու ոչ վիրտուալ տիրույթները ողողեն անիմաստ, անկապ, լալահառաչ պաթոսով։ Պաթոսի հիթ-շքերթը սկսվեց երեկվանից ու 6 ժամ անց բոլորը կմոռանան մարդասպան պատերազմը, կմոռանան լեգիտիմ հարցադրումները, որ որեւէ մեկը չի տալիս ու կյանքը կմտնի «День Сурка»-ի տրադիցիոն հունի մեջ։
Ու քանի դեռ այս պատերազմի հարցականները պատասխաններից մի քանի հազար անգամ շատ են, քանի դեռ մենք չենք տվել ու չենք ստացել շատ լուրջ եւ խորքային հարցերի պատասխաններ, քանի դեռ մենք չգիտենք՝ քանի՞ զոհ, քանի՞ ռազմագերի, քանի՞ անհետ կորած ու քանի անթաղ տղա ունենք, էս պաթոսը զզվելի է՝ անճաշակ ու ջղայնացնող։
Ու քանի դեռ չունենք պատասխաններ՝ գոնե լռեք, կամ՝ լռենք։ Բոլորս։
Իմ գործընկերը մի քանի կոնցեպտուալ հարցեր է բարձրացրել, որոնք, իմ վստահ համոզմամբ, պիտի դառնան հանրային առողջ հարթակների քննարկման օրակարգ։ Ու քանի դեռ բավարարվելու ենք ֆեյսբուքներում հալած մոմերի նկարներ դնելով ու՝ «կներեք մեզ, տղերք» տեքստով պաթոսախեղդ անելով, ավելի լավ է սուս մնանք։
Եւ այսպես՝
❗️Հուլիսյան դեպքեր։ Ի՞նչ է տեղի ունեցել իրականում։
❗️Ինչո՞ւ էր իշխող խմբակցության ղեկավարը պատերազմից ընդամենը շաբաթներ առաջ հայտարարում, որ Թուրքիան հնարավոր պատերազմին չի միջամտի։ Ո՞ւմ շահն էր սպասարկում այդ հայտարարությունը։ Ի դեպ, այդ անձը հիմա ԱՄՆ-ում դեսպան է։
❗️Ստվերային բանակցություններ։ Ո՞վ է մասնակցել, որտե՞ղ, ինչի՞ շուրջ։
❗️Գրոհայինների տեղակայում Ադրբեջանում։ Անդրանիկ Քոչարյանը հայտարարում է, որ սեպտեմբերի 23-ին արդեն 7700 գրոհային է տեղափոխվել։ Սա հսկայական թիվ է. ինչո՞ւ չի իմացվել շուտ, ինչո՞ւ չի կանխվել, չի խփվել նրանց տեղափոխող օդանավը, ինչո՞ւ չի բարձրացվել միջազգային աղմուկ։ 7700-ը հավի ճուտ չեն, որ աննկատ բերվեն։ Շաբաթներ առաջ են մամուլում եղել փաստեր, որ թուրքերը գրոհայիններ են հավաքագրում և տեղափոխում Ադրբեջան։
Ի՞նչ աշխատանք է կատարվել դրա շուրջ ՌԴ-ի, Մինսկի խմբի հետ։
❗️Անվտանգության Խորհրդի անդամների անհատական պահվածքը, նիստերի ձայնագրությունները։ Պատերազմի օրերին տեղի են ունեցել ԱԽ նիստեր։ Քննարկվել են ճակատագրական հարցեր, որոնք վերաբերել են հազարավոր կյանքերի, որոնք վերաբերել են պատերազմի ընթացքին և պատերազմի դադարեցմանը։ Պետության շահի տեսակետից շատ կարևոր է մասնակիցների անհատական հայտնած կարծիքը կամ անհատական լռությունը. նրանցից շատերն այսօր բարձրաստիճան պաշտոնյաներ են, ոմանք էլ՝ ինքնաինդուլգենցիա ձևակերպած։
Պետության շահի տեսակետից՝ սա այն հարցը չէ, որի շուրջ կարելի է լռելյայն գալ կոնսենսուսի՝ մեղավոր համարել միայն Նիկոլին։ Ենթադրելի է, որ այնտեղ քննարկվել և որոշվել են ճակատագրական հարցեր։ Եվ այս աղետից հետո կարևոր է հասկանալ ԱԽ-ի՝ որպես պետական ինստիտուտի դերակատարումը և կոնկրետ անձանց դերակատարումը։
Հ. Գ. Ես միանում եմ բոլոր այս հարցադրումներին եւ ահա՛ սրա շուրջ պիտի լինի հանրային լուրջ դիսկուրս։
Իսկ մնացյալը դատարկ աղմուկ է։
Նաիրա Զոհրաբյան