2020 թ. սեպտեմբերի 27-ին տեղի ունեցավ այն, ինչը կանխատեսելի էր, ինչի մասին խոսում էինք ամիսներ առաջ, ինչը փորձում էինք կանխել: Վաղ առավոտյան տեղեկացանք Արցախի Հանրապետության սահմանների ողջ երկայնքով սկսված Ադրբեջանի լայնամասշտաբ ագրեսիայի մասին:
«Հայրենիք» կուսակցության անունից հայտարարեցինք Հայաստանի և Արցախի պետականությունների և հայկական բանակի շուրջ անմնացորդ համախմբման և ողջ կարողությամբ հաղթանակին նպաստելու մասին՝ մի կողմ թողնելով քաղաքական բոլոր տարաձայնությունները։ Ցավոք, ունեցանք այն, ինչ ունենք՝ հազարավոր զոհեր, հայրենիքի խոշոր հատվածների կորուստ և երկփեղկված հասարակություն։
Այսօր համոզմունքս մեկն է՝ պետք է բոլորս միասին և յուրաքանչյուրս իր հերթին ապրենք և գործենք այնպես, որպեսզի փոքրիշատե արժանի լինենք այն տղերքի գործին, որոնք նահատակվեցին հայրենիքի պաշտպանության համար: Պետք է անենք նույնիսկ մեր ուժերի ներածից ավելին, լինենք հաստատակամ, շրջահայաց և չնահանջենք մեր նպատակներից այնպես, ինչպես տղերքը, որոնք մինչև վերջ ամուր կանգնեցին հանուն մեր սուրբ հողի։
Որպես ազգ և պետություն, մեր փրկությունը հզոր երկրի և միասնական հասարակության կառուցման մեջ է, որի ուղղությամբ էլ ջանք ու եռանդ չենք խնայելու:
Սա է լինելու տղերքի հիշատակը վառ պահելու և նրանց հանդեպ մեր պարտքը գոնե փոքր-ինչ հատուցելու միակ ճանապարհը։ Մնացածը ածանցյալ է և երկրորդական։
Հ.Գ. Գործ ունենք անելու․․․
Արթուր Վանեցյան