ՄԱԿ ԳԱ 76-րդ նստաշրջանի ընդհանուր քննարկումներին Նիկոլ Փաշինյանի ելույթը կարելի է բնութագրել հայկական իրավունքներից ու պահանջներից հրաժարում այս անգամ արդեն միջազգային ամենաբարձր ամբիոնից։
Նիկոլ Փաշինյանը թվարկել է խնդիրները՝ Արցախի հարցի չլուծվածություն եւ Արցախի ինքնորոշման իրավունք, էթնիկ զտումներ Բաքվի վերահսկողության տակ անցած տարածքներում, քաղաքացիական բնակչության թիրախավորում, զինված ներխո ւժում ՀՀ տարածք, պատանդառություն, պատերազմական այլ հանցագործություններ։
Թվում է ամեն ինչ կարգին է, սակայն Փաշինյանի ելույթում բացակայում էին պահանջները եւ Հայաստանի կողմից համարժեք քայլերի հավաստումը։ Փոխարենը, նույնիսկ եղածն էլ «ջրեց» հենց ինքը՝ հավատարմություն հայտնելով նոյեմբերի 9-ի եւ հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններին ու խաղաղ դարաշրջանին, հընթացս էլ մեղադրելով միջազգային հանրությանը Բաքվի ագրեսիայի վրա աչք փակելու համար։
Խնդիրն այն է, որ եռակողմ հայտարարությունը հենց այդ մասին է՝ հայկական մեղավորության կանխավարկածի ու ըստ այդմ՝ հայկական իրավունքների բացառման հիմքով։ Եռակողմ փաթեթի տրամաբանությունը պատերազմի արդյունքների ընդունումն է՝ «խաղաղության դարաշրջանի» նախապայմանը՝ Հայաստանի մասնատման ու ինքնիշխանությունը վերացնելու մոսկովյան պլանի իրականացմամբ։
Հանուն արդարության պետք է նշել, որ Նիկոլ Փաշինյանը միայնակ չէ՝ ՀՀ իրար հաջորդող վարչակարգերը եւ քաղդասն իր մեծամասնությամբ «ամեն ինչին համաձայն ենք, թողեք ապրենք» հավատամքի կրողներն են, եւ զուր չէ, որ այս 30 տարիներին միակ «հայեցակարգը» ցեղասպանության կանխարգելման միջազգային շարժման առաջամարտիկ ինքնահռչակվելն էր ու դրան սերտ կապված «խաղաղության դարաշրջանը»։
Սա քաղաքական, առավել եւս աշխարհքաղաքական դերակատարություն չէ, որը կարող է հիմնավորել պետության գոյության նվազագույն պայմանները, որով կհիմնավորվեին հայկական պահանջները։ Հայաստանի պարագային, որից կախված է շրջանի ապագան, խնդիրը հանգում է կամ-կամ-ին։ Հայաստանի արժեքն ավելի է, քան կարող է անցնել հայկական բարդույթավորված, անմեղսունակ ու ռուս-թուրքական աքցանից այն կողմ աշխարհը չտեսնող քաղդասի մտքով։ Այլապես, Հայաստանը վաղուց չէր լինի աշխարհի քարտեզին։
Եզերքն անդրադարձել է Փաշինյանի ելույթին, դրա խորքային ընդգծումներով՝ ինչ է պատրաստվում Հայաստանի համար՝ թեմայի հետագա անդրադարձի անհրաժեշտությամբ։