Search
Close this search box.

Հոկտեմբերի 1-ից զանգվածային ստուգումներ եւ արտաքսումներ են սպասվում

Ռուսաստանում հոկտեմբերի 1-ից կոշտ քայլեր կձեռնարկվեն երկրի տարածքում անօրինական գտնվող օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց նկատմամբ։ Այս մասին Lragir.am-ի հետ զրույցում ասաց «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության աշխատանքային միգրացիայի ծրագրի փորձագետ Տաթևիկ Բեժանյանը։

Նրա խոսքով՝ Covid-ի համավարակով պայմանավորված՝ մի քանի անգամ երկարացրեցին անօրինական գտնվելը ՌԴ-ում։ Եվ հիմա նոր ժամկետ է սահմանվել հոկտեմբերի մեկը։ «Հիմա ժամկետ են տալիս օտարերկրացիներին, որ մինչև սեպտեմբերի 30-ն օրինականացնում եք ձեր գտնվելը, իսկ դա միգրացիոն հաշվառումն է կամ օրինական աշխատանք, թույլատրական բնույթի որևէ փաստաթուղթ ունենալը։ Հակառակ դեպքում արդեն հոկտեմբերի 1-ից սկսեն արտաքսումներ ու մասսայական ստուգումներ աշխատանքի վայրերում, որպեսզի տեսնեն՝ օրինական են աշխատում, թե ոչ, և մասսայական ստուգումների կենթարկվեն իրենց ռեեստրում գրանցված ու միգրացիոն հաշվառման կանգնած անձանց բնակության վայրերում»,- ասաց նա։

Բեժանյանի խոսքով՝ պատիժը արտաքսման տեսքով է լինելու։ Ըստ նրա՝ զանգվածային արտաքսումներ են սպասվում։ Նույնը վերաբերում է օտարերկրացիների համար նախատեսված կալանավայրերում գտնվողներին։ «Այսինքն՝ սա վերաբերում է բոլորին՝ անկախ ազգությունից և քաղաքացիությունից։ Օտարերկրացիները հնարավոր բոլոր տարբերակներով պետք է օրինականացնեն ՌԴ-ում իրենց գտնվելը»,- հավելեց Բեժանյանը։

Անդրադառնալով ՌԴ-ում գտնվող հայ միգրանտներին՝ Տաթևիկ Բեժանյանն ասաց, որ հատկապես լուրջ վտանգ է սպառնում անձանց, ովքեր անօրինական սահմանահատում են իրականացրել Covid-ի շրջանում։ «Այսինքն՝ նրանք այն անձինք են, ովքեր մեկնել են Բելառուս, այնտեղից ցամաքային ճանապարհով մտել են Ռուսաստանի Դաշնություն։ Իրենք սովորաբար կեղծ միգրացիոն հաշվառումներ են գնում, այսպես ասած, մետրոյի տակից, որը ՌԴ որևէ գերատեսչության բազայում չի երևում։ Եվ այդ մարդկանց կսպառնա 3-6 տարվա ազատազրկում։ Դրա համար իրենք արագ պետք է լքեն ՌԴ տարածքը և ցանկալի է այն ճանապարհով, որով գնացել են։ Այս խմբի մարդկանց համար լավագույն դեպքում կլինի արտաքսում, բայց հնարավոր է, որ կլինի ազատազրկում»,- նշեց նա։

Ռուսաստանում միգրանտներն աշխատում են տարբեր ոլորտներում, հատկապես շինարարությունում։ Տաթևիկ Բեժանյանի խոսքով՝ հոկտեմբերի 1-ից ստուգումներ կլինեն այն բոլոր ոլորտներում, որտեղ աշխատում են օտարերկրացիներ։ «Եթե չեմ սխալվում՝ արդեն և Ներքին գործերի նախարարությանը, և Միգրացիոն ծառայությանը, և անվտանգության մարմնին համատեղ հրահանգ է իջեցվել, որպեսզի ամսի մեկից համատեղ մասսայական ստուգումներն սկսվեն»,- հավելեց նա։

Նախորդ տարվա համեմատ այս տարի Հայաստանից աշխատանքային միգրանտների մեծ հոսք է եղել դեպի Ռուսաստան։ «Ես հույս ունեմ, որ նրանց հիմնական մասն առնվազն օրինական է գտնվում Ռուսաստանում։ Ես հիմա կդժվարանամ անօրինական միգրանտների որևէ թվային տվյալ ներկայացնել, կարծում եմ՝ այս պահին որևէ մեկը չի տիրապետում այդ տվյալներին։ Հունիս ամսվա դրությամբ ՌԴ ՆԳ նախարարի առաջին տեղակալ Ալեքսեյ Գառավոյը հայտնում էր ՀՀ 61 հազար քաղաքացիների մասին։ Ես կարծում եմ՝ այդ թիվն ավելի շատ է։ Եթե այդ մասսայական արտաքսումներն սկսվեն, այո, թվերը մեծ կլինեն մինչև տարեվերջ։ Մինչև հոկտեմբերի 1-ը մի քանի օր կա, և ես խորհուրդ եմ տալիս մեր հայրենակիցներին՝ կամ օրինականցնել իրենց կարգավիճակը, կամ կամավոր դուրս գան ՌԴ տարածքից, որ արտաքսում չունենան»,- նշեց Բեժանյանը։

Please enter a valid URL