Այսօր ինձ համար կրկնակի դավաճան է նա, ով ասում է, որ հայկական բանակն է պարտվել: Սա թշնամու երազանքն է, որ անկատար է մնացել, ադրբեջանական ԶՈՒ-երը երբեք չեն կարողացել հաղթել հայկական բանակին, պարտվել է Հայստանի գործող իշխանությունը, որն իր աններելի սխալների պատճառով արցախյան հիմնահարցի արդարացի կարգավորումը մատնել է վտանգավոր անորոշության, և փաստացի այսօր ՌԴ խաղաղապահ ուժերն են ապահովու Արցախում մեր խաղաղ բնակչության անվտանգությունը: Այս մասին 44-օրյա պատերազմի տարելիցին նվիրված իր ուղերձում ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, գեներալ-գնդապետ,
Արցախի և Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:
«Սիրելի հայրենակիցներ, պարոնայք սպաներ, ենթասպաներ, հարգարժան կամավորականներ, երկրապահներ, հանուն հայրենիքի նահատակված հերոսների մայրեր, հայրեր, քույրեր և եղբայրներ, 2020 թվականի սեպտեմբերի 27-ին ադրբեջանական զինված ուժերը հարձակվեցին Արցախի վրա, նրանց նպատակը մեկն էր՝ բնաջնջել Արցախը և իր հայրենիքում խաղաղ ապրող հայ ժողովրդին: Դրա վառ ապացույցն են արգելված զինատեսակներով մարտական գործողությունները, որոնք թիրախավորել էին ոչ միայն ողջ սահմանագիծը, այլը խաղաղ բնակավայրերը՝ նույնիսկ մարդասիրական միջանցք չտրամադրելով վիրավորների, խաղաղ բնակիչների տարհանման համար: Այս ամենը ուղեկցվել է հակառակորդի կողմից հատուկ դաժանությամբ իրականացված ծանրագույն հանցագործություններով: Այսօր Արցախը կանգնած է լրագույն խնդիրների առջև և չափազանցություն չի լինի, եթե ասենք, որ վտանգված է Հայաստանի ինքնիշխանությունը, պետականությունը: Մեր պետության առջև ծառացած սպառնալիքները չեզոքացնելու և անվտանգությունն ապահովելու հանար կարևոր նախապայման է տեղի ունեցածի օբյեկտիվ և հանգամանալից վերլուծությունը: 2018 թվականին հայ ժողովուրդը ներքաղաքական կյանքում նոր իրողության առջև կանգնեց, և թվում էր՝ երկրում ձևավորվող նոր իշխանությունը, ունենալով ժողովրդի լիակատար աջակցությունը, գնալու է իրական բարեփոխումների բոլոր բնագավառներում: Սակայն ցավեք սրտի նրանք առաջնահերթություն համարեցին պետական բոլոր ռեսուրսներն ուղղել պետական անվտանգությունն ապահովող բանակը հեղինակազրկելուն և քանդելու գործընթացին: Նախորդ 3 տարիների ընթացքում մենք ականատես եղանք, թե ինչպես էին թիրախավորվում հայկական բանակի և հայոց նորանկախ պետությունների ստեղծման ակունքներում կանգնած նախագահները, հաղթանակներ մերտած հրամանատարները: Դեռևս այն ժամանակ բազմաթիվ ռազմաքաղաքական գործիչներ գուժում էին, որ այդ հետապնդումները նպատակային են և ուղղված են զինվորական հեղինակություններին, գեներալներին չեզոքացնելուն: Կարծում եմ՝ դա սկիզբն էր Արցախի և Հայաստանի դեմ սանձազերծված դավադիր և նենգ ծրագրի: Միտում ունենալով ոչնչացնել «նախկինների»՝ տարիներով ստեղծած ավանդը՝ երկրի քաղաքական իշխանությունն իր ապաշնորհ, հակապետական կառավարման, արտաքին հարաբերություններում դաշնակիցների հետ կոպիտ, անթույլատրելի սխալների, միջազգային ազդեցիկ կենտրոնների հետ գրագետ աշխատանքը ձախողելու պատճառով 44-օրյա պատերազմում Արցախի անվտանգության պահպանման ողջ ծանրությունն ու պատասխանատվությունը թողել է բանակի վրա: Պատերազմի ժամանակ նրանք կանգնեցրել են զինված ուժերի համալրման գործընթացը, այնինչ պարտավոր էին երկիրը դնել ռազմական ռելսերի վրա, համապմբել ողջ ժողովրդին և առաջնորդել Արցախը պաշտպանելու: Այս պատերազմում նրանց նույնիսկ հաջողվել է կոտրել դժվարին պահին մի բռունցք դառնալու հայ ժողովրդին հավաքական կամքը: Ես կտրականապես դեմ եմ մարտական գործողությունների՝ ռազմական գաղտնիք պարունակող տեղեկությունների քննարկմանը, որովհետև դրա նպատակը քաղաքական է և հերթական անգամ վնասում է բանակի հեղինակությանը: Մենք հետամուտ ենք լինելու վերջին պատերազմում պետության պարտության իրական պատճառները քննող անկողմնակալ հանձնաժողովի ստեղծմանը և մեր հայրենակիցների կյանքը, առողջությունը, ազատությունը հանցավոր ապիկարությամբ զոհաբերած, Արցախը հանձնած դավադիր ուժերը դատարանի առջև են կանգնելու: Իսկ այսօր, զուտ ռազմական տեսանկյունից վերլուծելով Արցախյան վերջին պատերազմի մարտական գործողությունները, պետք է արձանագրենք, որ բոլոր այն հատվածներում, որտեղ թշնամու բանակը ուղիղ մարտի մեջ է բռնվել հայկական ստորաբաժանումների հետ, կրել է ծանր կորուստներ: Բոլոր այն հատվածներում, որտեղ հայկական բանակը խրամատավորվել և ամուր կանգնել է իր դիրքերում, հակառակորդը չի կարողացել առաջխաղացում ունենալ: Փաստացի նրանք կարողացել են մխրճվել Արցախի՝ լավ կահավորված 283 կմ սահմանագծի մոտավորապես 20կմ հատվածում, իսկ այնուհետև չկանգնցնելով նրանք առաջխաղացումը՝ թույլ է տրվել առաջ գալ: Ես պնդում եմ, որ հայակակն բանակը պետության ամուր աջակցության դեպքում ի զորու էր պատերազմ մղելու ոչ միայն թուրք-ադրբեջանական խմբավորումների դեմ, այլև վարձկան ահաբեկիչների և համապատասխան բնագծերում, հատկապես լեռնաանտառային հատվածներում կարող էր կանգնեցնել նրանց: 44-օրյա պատերազմի ընթացքում հայկակն բանակը ադրբեջանական ԶՈՒ-ին հասցրել է ահռելի կորուստներ, ինչի մասին շատ լավ գիտի հենց ինքը՝ հակառակորդը, և նոյեմբերի 9-ին, ինչպես նաև դրան նախորդող որոշ վճռական ժամանակահատվածներում նա արդեն ուժասպառ էր, սակայն պետությունը ոչինչ չարեց այդ իրավիճակներից օգտվելու, բանակի շարքերն ամրացնելու և հակառակորդին ջախջախելու համար: Այսօր ինձ համար կրկնակի դավաճան է նա, ով ասում է, որ հայկական բանակն է պարտվել: Սա թշնամու երազանքն է, որ անկատար է մնացել, ադրբեջանական ԶՈՒ-երը երբեք չեն կարողացել հաղթել հայկական բանակին, պարտվել է Հայստանի գործող իշխանությունը, որն իր աններելի սխալների պատճառով արցախյան հիմնահարցի արդարացի կարգավորումը մատնել է վտանգավոր անորոշության, և փաստացի այսօր ՌԴ խաղաղապահ ուժերն են ապահովում Արցախում մեր խաղաղ բնակչության անվտանգությունը: Պետք է հասկանալ՝ ինչու այսօր Հայստանի իշխանություններն իրենց բոլոր լծակները չեն ծառայեցնում բարձրաձայնելու միջազգային հանրությանը, որ Ադրբեջանը հանցագործ է: Ո՞նց է ստացվում, որ այս իշխանության մոտ ստացվում է բազմամարդ տեսարաններ բեմադրել փողոցներում, հրապարակներում, կամ ոստիկանական ուժերի միջոցով ճնշում գործադրել սեփական ժողովրդի վրա, իսկ համախմբել բոլորին, առաջին գիծ գնալ, խրամատներ փորել, Արցախյան հայրենական պատերազմում կռվել և հաղթել չեն կարողանում: Իմ կարծիքով հետևությունը մեկն է՝ պարտված իշխանությունը անընդհատ գտնվել և գտնվելու է հակառակորդի կողմից ճնշման պարտադրանքի ներքո և ի վիճակի է միայն ինքնահաստատվել սեփական ժողովրդի վրա: Իսկ հակառակորդը, օգտվելով ստեղծված իրավիճակից, շարունակելու է չկատարել միջազգային կոնվենցիաները, նոյեմբերի 9-ի հայտարարության նորմերը և ներխուժելու Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք՝ շարունակելու է թիրախավորել սահմանամերձ դարձած բնակավայրերի բնակիչներին, սպանել և գերեվարել հայ զինծառայողներին: Մենք պարտավոր ենք դուրս գալ այս իրավիճակից»,- ասել է Սեյրան Օհանյանը:
Մանրամասները` տեսանյութում: