Վերջերս մամուլը տեղեկություն էր տարածել, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հիմնում է նոր տարածքային գրասենյակներ և պատրաստվում նոյեմբերին կայանալիք ՏԻՄ ընտրություններին: Հայաստանի քաղաքական դաշտի առաջատար ԲՀԿ-ն հունիսի 20-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների ժամանակ անսպասելի ցածր արդյունք գրանցեց և չհայտնվեց խորհրդարանում: Չնայած հանուն ճշմարտության պետք է ասել, որ եթե ԲՀԿ-ի մրցակիցները ևս միայնակ, առանց դաշինքների մասնակցեին ընտրություններին, ապա ԲՀԿ-ի խորհրդարան անցնելու հավանականությունը անհամեմատ ավելի մեծ կլիներ: Բայց դա չէր միայն ԲՀԿ-ի խնդիրը:
Հասարակությունը նոր ընդդիմադիր ուժի որոնումների մեջ էր, և հասարակության ընդդիմադիր հատվածին թվում էր, որ ԲՀԿ-ն որպես խորհրդարանական ընդդիմություն այնքան էլ չի արդարացնում իրենց սպասումները: Իշխանության քաղաքական գծից դժգոհ, գործող քաղաքական վերնախավից հնարավորինս շուտ ազատվելու հեռանկարով ապրողները համոզված էին, որ ԲՀԿ-ն այն չափով ռադիկալ, արմատական ընդդիմություն չէ, որ կարողանա այսպես կոչված «օր առաջ» երկրում իրականացնել իշխանափոխություն, և ձևավորել նոր իշխանություն:
Ավելի արմատական դիրքերից հանդես եկող ուժերը խոստանում էին, որ իշխանության օրերը հաշված են, որ ընտրությունների արդյունքում իրենք հաղթելու են և Հայաստանում ի վերջո հաստատվելու է մեր ազգային իղձերն ու ձգտումները մարմնավորող իշխանություն: Ընտրությունների պաշտոնական արդյունքները ցույց տվեցին, որ այդ ուժերը ոչ միայն ընդունակ չէին հաղթելու գործող իշխանությանը, այլ նույնիսկ որպես խորհրդարանական ընդդիմություն իրենց որակով և գործունեության հետագծով զիջում են ԲՀԿ-ին:
Ընտրություններին գործող իշխանությանը օր առաջ հեռացնելու կոչերով հանդես եկող ընդդիմադիրները լիարժեքորեն մտել են խորհրդարանական ընդդիմության դերի մեջ, և իրենց գործունեությամբ ցույց են տալիս, որ փողոցային պայքարի նախընթաց գործողությունները ընդամենը խորհրդարանում հայտնվելու համար էին, և իրենց շատ հարմարավետ են զգում ընդդիմության կարգավիճակում, բավարարված լինելով իրերի ներկա դրությամբ:
Նման վարքագիծը խորը դժգոհություն է հարուցում հասարկության ընդդիմադիր հատվածում, որը իրեն խաբված և քցված է համարում գործող խորհրդարանական ընդդիմության կողմից: Պատահական չէ, որ այդ ընդդիմությունը չի էլ պատրաստվում մասնակցել ՏԻՄ ընտրություններին, կամ եթե մասնակցում է, ոչ այն ակտիվությամբ, հասկանալով, որ ոչ միայն չի կարող լուրջ հաջողություն ակնկալել, այլ ստանալու է անհամեմատ ավելի քիչ աջակցություն, քան ցույց է տվել 2020-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ, դրանով ևս մեկ անգամ ապացուցելով հասարակության՝ իր հանդեպ ունեցած դժգոհությունը և հիսթափությունը:
Նման պայմաններում ԲՀԿ-ի ակտիվանալը միանգամայն օրինաչափ և տրմաբանական է: Կուսակցությունը ՏԻՄ ընտրություններին մասնակցելով և հաջողություններ արձանագրելով, կարող է վերականգնել իր քաղաքական կշիռն ու հեղինակությունը և պատրաստվել առաջիկա ավելի մասշտաբային քաղաքական պրոցեսներին: Մանավանդ որ իշխանությունների հանդեպ դժգոհության և անվստահության խորացման,երկրի առաջ կանգնած խնդիրները խորապես չգիտակցելու և դրանց լուծումներ տալու անկարողության պայմաններում, դրանց հնարավորությունը օր օրի ավելի է մեծանում:
ArmLife.am