ՀՀ ՊՆ վարչական համալիրում այս պահին ընթանում է ՀՀ պաշտպանության նախարարության ղեկավարության և ՌԴ ՊՆ պատվիրակության հանդիպումը: Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի նոր հրամանատար, գեներալ-լեյտենանտ Գենադի Անաշկինին ներկայացնում են ՀՀ պաշտպանության նախարարության ղեկավարությանը։ Այս մասին հայտնում է «Sputnik Արմենիա»-ն։
Հիշեցնենք, որ Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի առաջին հրամանատար էր նշանակվել Ռուստամ Մուրադովը։ Վերջերս նա ավարտեց իր առաքելությունը, որից հետո այդ պաշտոնում նրան կարճ ժամանակով փոխարինեց գեներալ-մայոր Միխայիլ Կոսոբոկովը։ Այժմ էստաֆետը փոխանցվում է Գենադի Անաշկինին։
Գենադի Վլադիմիրի Անաշկինը ծնվել է 1968 թվականին Կույբիշև քաղաքում (Սամարա)։ 1987 թվականին զորակոչվել է, ծառայությունն անցել է Գերմանիայում։ Ավելի ուշ ավարտել է Ռյազանի բարձրագույն օդադեսանտային հրամանատարային ուսումնարանը։ 1998 թվականից ծառայել է 116 պարաշյուտադեսանտային առանձին գումարտակում, եղել է վաշտի հրամանատար։
1999 թվականի դեկտեմբերից մինչև 2000 թվականի օգոստոս ծառայել է նախկին Հարավսլավիայում, որտեղ Բոսնիա և Հերցեգովինայի խաղաղապահ ուժերի կազմում եղել է պարաշյուտադեսանտային գումարտակի հրամանատար։
2003 թվականին ավարտել է ՌԴ ԶՈւ համազորային ակադեմիան։ Գործուղվել Չեչնիա առաջին և երկրորդ պատերազմների ժամանակ։
2007 թվականի հունիսից եղել է 104–րդ գվարդիական դեսանտագրոհային գնդի հրամանատար (76-րդ գվարդիական դեսանտագրոհային դիվիզիա, Պսկով)։ Անաշկինի հրամանատարության տակ գտնվող խումբը 2008 թվականին մասնակցել է Հարավային Օսեթիայի մարտական գործողություններին։
2008 թվականին ՌԴ նախագահի հրամանով` զինվորական պարտքը կատարելու ժամանակ ցուցաբերած արիության և հերոսության համար Անաշկինն արժանացել է ՌԴ հերոսի կոչման և պարգևատրվել «Ոսկե աստղ» մեդալով (№ 917)։
2008 թվականի արդյունքներով գնդապետ Գենադի Անաշկինի հրամանատարության տակ գտնվող կազմավորումը ճանաչվել է ՌԴ օդադեսանտային զորքերի լավագույն գունդը։
2009 թվականի օգոստոսից զբաղեցրել է 106-րդ գվարդիական օդադեսանտային դիվիզիայի հրամանատարի տեղակալի պաշտոնը։ 2010 թվականի նոյեմբերից մինչև 2011 թվականի հունվար 106-րդ գվարդիական օդադեսանտային դիվիզիայի հրամանատարի ժամանակավոր պաշտոնակատարն է եղել։
2012 թվականին ավարտել է ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի ռազմական ակադեմիան։
2014 թվականի օգոստոսից զբաղեցրել է Հարավային ռազմական օկրուգի 58-րդ համազորային բանակի հրամանատարի տեղակալի պաշտոնը։ 2017 թվականի հուլիսից ՀՌՕ 8-րդ գվարդիական համազորային բանակի հրամանատարի տեղակալն է։
2021 թվականի հունիսի 11-ին ՌԴ նախագահի №355 հրամանով նրան շնորհվել է գեներալ–լեյտենանտի կոչում։
Sputnik Արմենիայի տեղեկություններով` Արցախում տեղակայված ռուս խաղաղապահների նախկին հրամանատար, գեներալ-մայոր Միխայիլ Կոսոբոկովը, որն այդ պաշտոնում նշանակվել էր ավելի քան երկու շաբաթ առաջ, մեկնում է ծառայության հիմնական վայր։
Հիշեցնենք, որ նա համատեղության կարգով էր զբաղեցնում Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի գլխավոր խաղաղապահի պաշտոնը՝ հանդիսանալով Վլադիկավկազում տեղակայված 58-րդ համազորային բանակի հրամանատարի տեղակալ: