«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ երկրորդ եւ երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի պես հրավիրված են եղել ՀՀ անկախության 30-ամյակին նվիրված միջոցառումներին: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեցին կառավարությունից: Սակայն, ինչպես հայտնի է, բոլոր երեք նախագահներն էլ չեն մասնակցել այդ միջոցառմանը՝ մերժելով Նիկոլ Փաշինյանի հրավերը:
Երեկ՝ ամբողջ օրը, «Ժողովուրդ» օրաթերթը փորձել է երկրորդ եւ երրորդ նախագահների գրասենյակներից ամեն դեպքում պարզել՝ հրավեր ստացել են, թե ոչ, եւ ինչու չեն մասնակցել միջոցառմանը, սակայն ամբողջ օրվա ընթացքում նրանց հետ կապ հաստատել չհաջողվեց, իսկ կառավարությունից վստահեցրին, թե բոլոր երեք ղեկավարներին էլ հրավեր եղել է:
Հիշեցնենք, որ Հրապարակում տեղի ունեցած միջոցառմանը մասնակցելու հրավեր էր ուղարկվել նաեւ Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցություններին։ Ե՛վ «Պատիվ ունեմ»-ը, եւ՛ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» խմբակցությունը չեն մասնակցել միջոցառմանը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում