ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը պատասխանելով Արմենպրեսի հարցին՝ անդրադարձել է խաղաղության դարաշրջան բացելու թեմային ու այդ համատեքստում վերջերս Որոտանի մոտ Քասախի երկու բնակչի հետ տեղի ունեցած միջադեպին։
– Հիմա շատ է խոսվում խաղաղության դարաշրջան բացելու մասին, բայց մենք անընդհատ տեսնում ենք միջադեպեր, որոնք կասկածի տակ են դնում, թե որքանով է դա հնարավոր, հենց թեկուզ Քասախի երկու բնակիչների հետ վերջերս Որոտանiի մոտ տեղի ունեցած միջադեպը:
— Այո, ցավոք, այս ընթացքում ականատես ենք եղել բազմաթիվ ապակառուցողական խոսքերի և քայլերի, որոնք ստիպում են մտածել, որ խաղաղ զարգացման դարաշրջան բացելը անիրատեսական է: Բայց կարծում եմ՝ պետք է ամուր նյարդեր ունենանք ու համբերատար առաջ տանենք մեր օրակարգը՝ հիմնված մեր պետական շահի վրա: Այս համատեքստում գուցե պետք է փորձենք նշանակություն տալ նաև փոքրիկ դրական քայլերին: Հենց թեկուզ ձեր նշած միջադեպը: Բացասական փաստ է, որ մեր մոլորված քաղաքացիներին Ադրբեջանի զինված ուժերի կամ իրավապահ մարմինների ներկայացուցիչները բերման ենթարկեցին: Բայց դրական էր, որ գործնականում մեկուկես օր անց Ադրբեջանը նրանց վերադարձրեց, ընդ որում՝ իրենց իսկ վկայությամբ, Ադրբեջանում գտնվելու ընթացքում իրենք որեւէ վատ վերաբերմունքի չեն արժանացել: Հույս ունենք, որ նմանատիպ շարունակական քայլերով հնարավորություն կստեղծվի առաջ շարժվել խաղաղության օրակարգով: