Գորիս-Կապան ճանապարհի Որոտանի հատվածում սեպտեմբերի 18-ին անհետացած եւ մեկ օր անց ռուս սահմանապահների միջնորդությամբ վերադարձված Քասախի երկու բնակիչները քիչ առաջ տուն են վերադարձել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է բնակիչներից Հակոբի եղբայրը՝ Արմանը։
«Հակոբն ու Արամը վերադարձել են այն նույն մեքենայով, որով գնացել էին։ Իրենց լավ են զգում, ամեն ինչ կարգին է»,- ասաց Արմանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Քասախի երկու բնակիչները դեռ տուն չեն վերադարձել, բայց հեռախոսով զրուցել են հարազատների հետ։
Հիշեցնենք նաեւ, որ նախօրեին ԱԱԾ-ն հաղորդել էր, որ սեպտեմբերի 18-ին, ժամը 21:00-ի սահմաններում տեղեկություններ են ստացվել առ այն, որ նույն օրը ՀՀ Կոտայքի մարզի Քասախ համայնքի երկու բնակիչներ Գորիս-Որոտան ճանապարհահատվածով երթեւեկելիս շեղվել են մայրուղուց եւ հայտնվել են Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում: Կեսգիշերին մոտ, ԱԱԾ-ն հայտնեց, որ ԱԱԾ եւ ՌԴ ԱԴԾ սահմանապահների կողմից իրականացված աշխատանքների արդյունքում ժամը 23:45-ին ադրբեջանական կողմը վերադարձրել է Գորիս-Որոտան ճանապարհահատվածում անհետացած անձանց: