Գորիս-Կապան ճանապարհից անհետացած ու ադրբեջանցիների հսկողության տակ հայտնված հայ երիտասարդները վերադառնում են տուն՝ Քասախ։ Տեղեկությունը «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնել է Քասախի համայնքապետ Արա Մկրտչյանը։
«Նրանք կես ժամվա, մեկ ժամվա ընթացքում կլինեն իրենց տանը»,- ասաց Մկրտչյանը։
Նրանք Հայաստան են վերադարձվել երեկ` սեպտեմբերի 19-ին, ժամը 23:45-ին, ապա տեղափոխվել Գորիսի ռազմական ոստիկանություն։
Հիշեցնենք, որ ԱԱԾ–ն հայտնել էր, որ սեպտեմբերի 18-ին, ժամը 21:00-ի սահմաններում տեղեկություններ են ստացվել, որ Կոտայքի մարզի Քասախ համայնքի 2 բնակիչ շեղվել են ուղուց և Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում հայտնվել: Նրանք անցել էին ռուսական անցակետը, բայց մյուս անցակետին չէին հասել: Գորիսի քաղաքապետի տեղակալ Կարեն Քոչարյանը «Փաստինֆո»-ին հայտնել էր, որ տվյալ տարածքն ուղիղ ճանապարհ է ու մոլորվելու տարբերակ չկա: Ամենահավանական վարկածն այն է, որ ադրբեջանցիներն առեւանգել էին նրանց։