Search
Close this search box.

Ադրբեջանցիների կողմից առեւանգված հայ երիտասարդները Գորիսի ռազմական ոստիկանությունում են

Գորիս-Կապան ճանապարհից անհետացած ու ադրբեջանցիների հսկողության տակ հայտնված հայ երիտասարդները դեռևս տուն չեն վերադարձել։

Քասախի համայնքապետ Արա Մկրտչյանը «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնել է, որ երիտասարդները դեռ Գորիսում են։

«Երեխաները հիմա Հայաստանի տարածքում են՝ Գորիսի ռազմական ոստիկանությունում»։

Ադրբեջանցիների կողմից փաստացի առեւանգված Քասախի բնակիչները 20-21 տարեկան տղաներ են։ Նրանց առողջական վիճակի ու այլնի մանրամասներին համայնքում դեռ չեն տիրապետում։ Սպասում են տուն վերադարձին։ Համայնքապետը հարազատների հետ հանդիպումներ ունեցել է, սակայն մանրամասներին չեն տիրապետում, թե ինչպե՞ս են տղաները հայտնվել ադրբեջանական կողմում։

«Հարազատներն էլ ինչ-որ ստույգ բաներ չգիտեն։ Վարկածն այն է, որ տղերքից մեկը վերջերս է ծառայությունը ավարտել՝ այցելության էր գնում իր ընկերներին։ Մանրամասներ չգիտենք, դրանք կճշտվեն»,- ասաց Մկրտչյանը։

Հիշեցնենք, որ ԱԱԾ–ն հայտնել էր, որ սեպտեմբերի 18-ին, ժամը 21:00-ի սահմաններում տեղեկություններ են ստացվել, որ Կոտայքի մարզի Քասախ համայնքի 2 բնակիչ շեղվել են ուղուց և Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում հայտնվել: Նրանք անցել էին ռուսական անցակետը, բայց մյուս անցակետին չէին հասել: Գորիսի քաղաքապետի տեղակալ Կարեն Քոչարյանը «Փաստինֆո»-ին հայտնել էր, որ տվյալ տարածքն ուղիղ ճանապարհ է ու մոլորվելու տարբերակ չկա:

Տղաներն ուղղակի անհետացել էին ճանապարհի կեսից ու հայտնվել ադրբեջանցիների մոտ. Ռուսական կողմի հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում նրանք Հայաստան են վերադարձվել երեկ` սեպտեմբերի 19-ին, ժամը 23:45-ին։

Please enter a valid URL