Եվրոպայի խորհրդի նախարարների հանձնաժողովը, որը վերահսկում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումների կատարումը, նոր որոշում է ընդունել Թուրքիայի վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Հանձնաժողովը քննել է թուրք հայտնի հասարակական գործիչ, գործարար Օսման Քավալայի և քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» նախկին համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշին կալանքից ազատ արձակելու մասին ՄԻԵԴ-ի որոշումների չկատարման հարցը:
ԵԽ նախարարների կոմիտեի ընդունած որոշմամբ ևս մեկ անգամ պահանջվել է ազատ արձակել Դեմիթաշին և չեղարկել նրա նկատմամբ ընդունված ազատազրկման որոշումը: Դեմիրթաշին ազատ արձակելու համար ԵԽ նախարարների հանձնաժողովը Թուրքիային ժամանակ է տվել մինչև սեպտեմբերի 30-ը:
Կառույցը պահանջել է նաև Օսման Քավալայի մասով ՄԻԵԴ վճռի կատարումը: Մինչև Նախարարների հանձնաժողովի նիստը տեղեկություններ էին հրապարակվել առ այն, որ ժողովի օրակարգում ներառված է Քավալայի գործով ՄԻԵԴ-ի կայացրած վճռի չկատարման հետևանքով Թուրքիայի դեմ հնարավոր պատժամիջոցների կիրառման հարցը:
Սակայն նախարարների հանձնաժողովը որոշել է սպասել մինչև հաջորդ ժողովը, որը տեղի է ունենալու նոյեմբերի 30-ից մինչև դեկտեմբերի 2-ը: