ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի՝ Հանրայինի հարցերի պատասխանները կարելի է գնահատել Հայաստանին շանտաժի ենթարկելու նախապատերազմական փորձ։ Առանձնացնենք երկու հիմնական պահ՝ Զախարովան Երեւանին ու Բաքվին հորդորել է անհապաղ իրականացնել սահմանազատում եւ սահմանագծում ռուսական քարտեզներով: Նա ընդգծել է, որ Լաչինում Թուրքիայի զորավարժությունների առիթով Կրեմլը փոխըմբռնման մեջ է գտնվում Բաքվի հետ:
Ընդհանրապես գերիների, Բաքվի ներխուժումների եւ այլ սադրանքների կապակցությամբ հայկական կողմից հարցերին Մոսկվայի պատասխանները մեկն են՝ անհրաժեշտ է սահմանազատում եւ եռակողմ պայմանավորվածությունների անվերապահ կատարում։ Այդպիսով, Մոսկվան հաստատում է Բաքվի գործողությունների իր առնվազն առաջնորդությունը, եթե ոչ հրահանգավորումը՝ Հայաստանին սահմանազատում պարտադրելու համար։ Լաչինում թուրքական զորավարժությունն, ինչպես նաեւ Գորիս-Կապան ճանապարհին ստեղծված իրավիճակն անկասկած այդ շարքից են։ Լաչինի թուրքական զորավարժությունը մեծացնում է լարումը՝ Հայաստանին կապող ճանապարհը փակելու եւ Արցախում հայ բնակչությանը պատանդի կարգավիճակում պահելու սպառնալիքով։
Ռուսաստանի խնդիրների ու նպատակների եւ քայքայվող բուֆերի դերակատարմամբ Հայաստանին պարտադրվող գործընթացի շուրջ մեկնությունը՝ Ռուսաստանը ջանում է չփլուզվել. Փաշինյանը՝ անփոխարինելի՞ հոդվածում։
Ռուսաստանի կիրառած հիբրիդային միջոցները նոր չեն, եւ թվում է՝ 200-ամյա արյունոտ փորձը պետք է ճշգրտումներ մտցներ հայ հանրության մտածողության ու մոտեցումների մեջ։ Ռուսաստանի ճնշումների մեծացման ներկայիս փուլը Հայաստանում ուղեկցվում է «Ռուսաստանը զգացել է իր սխալը», «Ռուսաստանի ու Բաքվի միջեւ լուրջ հակասություններ են առաջանում», «ՌԴ խաղաղապահները օգնության հասան այստեղ-այնտեղ» տիպի քարոզչությամբ։
Եռակողմ հայտարարության անվերապահ կատարման հիմքով կազմավորված խորհրդարանը զբաղված է ինչով ասես, բացի առանցքային խնդիրների քննարկումներից, բեմադրելով «իշխանություն-ընդդիմություն» կլոունադան խորհրդարանում, մամուլում ու փողոցներում։ Կառավարությունը համաձայն է ամեն ինչի՝ հանուն «խաղաղ դարաշրջանի», որը ռուսական ռազմավարության մեջ հայերին ընդամենը նոր աղետի պատրաստելու մի շրջափուլ է։ ՌԴ-ում սպասվող զարգացումները կարող են «կրճատել» անգամ այդ շրջափուլը, ինչը հիանալի գիտակցում են Բաքվում։
Անելանելի՞ է արդյոք իրավիճակը։ Միանշանակ՝ ոչ։ Հայաստանի դեմ կիրառվող մասշտաբային ագրեսիան արդեն իսկ վկայում է հայկական խնդիրների ներուժի մասին, այլապես երեք, իսկ գուցե 6 պետություն իրենց ողջ ջանքը չէին ուղղի դրա չեզոքացմանը։ Այդ ներուժը գիտակցել ու ըստ այդմ՝ ազգային օրակարգեր է պետք մշակել՝ ճեղքումն ապահովելու համար։ Դրա բոլոր հնարավորությունները կան՝ թե ներքին ու թե արտաքին։
Lragir.am