«Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Երկար աշխատանքային շաբաթվա վերջին երկու օրերը մենք անցկացրեցինք Ստեփանակերտում, որտեղ հանդիպումներ ունեցանք Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության հետ՝ քննարկելու Հանրապետության անվտանգության բարձրացմանն ուղղված մեր հետագա համատեղ ծրագրերը։
Այս օրերի հակասական նորությունների ֆոնի վրա, Արցախում մեր տեսածը բավական լավատեսության հիմք է տալիս։ Մասնավորապես, Արցախում սկսվել է ուսումնական տարին, և 19 000-ից ավել աշակերտ գնացել է դպրոց, ներառյալ նաև հարյուրավոր երեխաներ թշնամու կողմից օկուպացված շրջաններից, որտեղից ամբողջական դպրոցներ են տեղափոխվել հայկական ուժերի կողմից վերահսկվող տարածքներ։ Արցախի ամբողջ ազատ տարածքում ակտիվ շինարարություն է ընթանում, Գորիս-Ստեփանակերտ ճանապարհով բանուկ երթևեկություն է՝ վերադառնում են ընտանիքներ, ծանր բեռնատարները տեղափոխում են վառելիք, շինանյութ, խողովակներ, սկսել են երթևեկել տուրիստական ավտոբուսներ։
Հաճելիորեն զարմացրեց նաև Ստեփանակերտը՝ քաղաքը պրակտիկորեն լիարժեք վերականգնվել է թշնամու գնդակոծություններից հետո, բնակչության թիվը գերազանցում է նախապատերազմյան մակարդակը, ամենուրեք աշխուժություն կա, և որն առավել ուրախալի է՝ սկսվում են նաև նոր հաստատություններ բացվել, որոնց միջոցով Արցախից դուրս բնակվող մեր նվիրյալ հայրենակիցները, ջանքերը համադրելով տեղի կարող ուժերի հետ, նոր շունչ, ապրելու ու արարելու կամք են բերում Արցախ։ Այդպիսի նոր հաստատություններից մեկը բացվեց երեկ, մեր լավ ընկեր և նվիրյալ հայրենասեր Էմմա Մարաշլյանի կողմից, ում ջանքերով հիմա Ստեփանակերտում էլ կգործի ազգային տարազը պրոպագանդող, մասնագիտացված լուսանկարչական ստուդիա։
Արցախ յուրաքանչյուր ճանապարհորդություն ունի նաև իր մռայլ կողմերը՝ գերևարված Շուշին, նրա շուրջ բուսնած թշնամու դիրքերը, այդ հատվածում թշնամու կողմից իրականացվող ակտիվ շինարարությունը։ Սակայն դա նաև հիշեցում է, որ պատերազմը իրականում չի ավարտվել, և մենք պետք է ամեն օր կրկնակի-եռակի չափով աշխատենք, և սովորենք մեր խնդիրները ներսում արդյունավետ լուծել, որպեսզի առնվազն պահպանենք մեր եղածը, իսկ հեռանկարում՝ հետ բերենք նաև այն, ինչ ըստ արժանավույնս մեզ է պատկանում։ Այս նպատակով ենք աշխատում մենք, և յուրաքանչյուր օր՝ նաև նորանոր հայորդիներ, որոնք սկսում են գիտակցել, որ Արցախի վերջնական ազատագրումով է պայմանավորված նաև Հայաստանի իրական անկախությունը և վերածնունդը, և միանում են ազգակերտման այս մեծ գործին։ Շնորհակալություն հայտնելով բոլոր գաղափարակիր և նվիրյալ մեր քույրերին և եղբայրներին, կոչ եմ անում յուրաքանչյուրին իր մեջ նոր ուժ գտնելու՝ հաղթահարելու հուսալքությունն ու ընկճվածությունը, և միանալու մեր հայրենիքի վերակերտման նվիրական մեծ գործին։