Search
Close this search box.

ՊՆ-ն հրաժարվում է պարզաբանել՝ ում է տրվել վիրավոր զինվորի օգնության գումարը. Ծնողները պնդում են պահանջը

ՀՀ պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Forrights.am-ի հրապարակմանն ի պատասխան հրաժարվեց պարզաբանում տալ ութ ամիս առաջ Արցախի Ներքին Հորաթաղի զորամասում գլխուղեղի ծանր վնասվածք ստացած 20-ամյա ժամկետային զինծառայող Դավիթ Բաղիկյանի ծնողների պահանջի առթիվ: Վերջիններս ՊՆ-ից պահանջել էին բացահայտել՝ ով է ստացել «ՀՀ ՊՆ ուղղորդմամբ» իրենց «տրված 1000 ԱՄՆ դոլար և 250 հազար դրամ» գումարը: Նշենք, որ գումարների մասին ծնողների դիմումը մերժելուց հետո իր ֆեյբուքյան էջում գրել էր ՊՆ մամուլի խոսնակը:

«Չեմ մեկնաբանի»,- մեր հրապարակման առթիվ հայտարարեց Արծրուն Հովհաննիսյանը՝ հրաժարվելով պաշտոնական որևէ պատասխան տալ:

Զինծառայության ընթացքում 1-ին կարգի հաշմանդամ դարձած և 5 ամիս կոմայի մեջ եղած զինվորին խնամող գործազուրկ ծնողները առաջին անգամ դիմել էին պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին՝ դրամական օգնություն խնդրելով նրանից, սակայն նրանց դիմումը պաշտպանության նախարարը մերժել էր՝ պատճառաբանելով, որ այդ պահին՝ հունիս ամսին Դավիթը ՀՀ ՊՆ զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչությունում հաշվառված հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստացող նախկին զինծառայող չի եղել:

Դրանից հետո նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում խնդրի առթիվ գրել էր. «ՀՀ ՊՆ ուղղորդմամբ տարբեր բարերարների և անհատների կողմից Դավիթ Բաղիկյանի հարազատներին մշտապես ցուցաբերվել է ֆինանսական աջակցություն։ Ստույգ տվյալների համաձայն՝ Ամերիկայից ժամանած դպրոցականների կողմից նվիրաբերվել է 1.000$, ինչպես նաև ևս 250.000 դրամ՝ Ֆրանսիայից ժամանած ՀՀ ՊՆ աշխատակցի բարեկամ ընտանիքի կողմից: Եղել են նաև այլ աջակցություններ»։

Forrights.am-ի հետ տեսազրույցում զինվորի ծնողները հերքել էին խոսնակի հայտարարությունը՝ պնդելով, որ իրենք կոնկրետ այդ գումարները չեն ստացել՝ պաշտպանության նախարարությունից պահանջելով բացահայտել, թե ու՞ր են գնացել դրանք և ո՞ւմ են տրվել, եթե իրենց դրանք չեն հասել: Զինվորի ծնողներն ասել են, որ իրենք ստացել են ավելի փոքր չափի գումարներ օգնության տեսքով վիրավոր զինծառայողին հոսպիտալու պահելու համար, սակայն այդ քանակի գումարներ չեն եղել:

Այսօր Forrights.am-ի հետ զրույցում զինվորի ծնողները տարակուսանք հայտնեցին ՊՆ խոսնակի պատասխանի առթիվ՝ պնդելով իրենց պահանջը՝ բացահայտել ում են տրվել այդ գումարները:

«Մեր մոտ հանելուկ ա մնացել՝ ում են տվել: Իմ պահանջն էն ա, որ ասեն՝ ում են տվել, էդ գումարն ուր ա գնացել: Թող կանգնեն, ասեն՝ տվել ենք էսինչ մարդուն»,-ասաց զինվորի հայրը՝ Սամվել Բաղիկյանը:

Մայրը՝ Նարինե Այվազյանը նույնպես տարակուսած է. «Անբավարար է ՊՆ-ի պատասխանը: Մենք էլ ենք ուզում իմանալ՝ ում են տվել, արդյոք տվել են, թե չեն տվել, և ինչի են նման բաներ գրել: Մենք կոնկրետ էդ գումարները չենք ստացել: Եթե իրոք ճիշտ է դա, ուրեմն ՊՆ-ն պետք է պարզաբանի: Ուրեմն մի բան կա, որ ՊՆ-ն չի ուզում ինչ-որ մի բան ասի»:

Նշենք, որ Սյունիքի մարզի Անգեղակոթ գյուղի բնակիչ 20–ամյա Դավիթ Բաղիկյանը ծառայության ութերորդ ամսում դժբախտ դեպքի հետեւանքով բաց ծանր թափանցող գանգուղեղային վնասվածք է ստացել. գլխու­ղեղի ծանր աստիճանի սալջարդ, պնևմոցեֆալիա, աջ քունքային բլթի ոչ մեծ էպիդուրալ հեմա­տոմա, գանգի հիմի էպիդուրալ հեմատոմա, գանգի հիմի կոտրվածք: Մեքենայի վրա ջրով լի տարան տեղադրելու ժամանակ զինծառայողի գլուխը մնացել է տարայի եւ մեքենայի արանքում, ինչի հետեւանքով գլխի մի հատվածը ծանր վնասվել է։

5 ամիս կոմայի մեջ գտնվող զինվորը թեեւ ուշքի է եկել, սակայն առողջական վիճակը շարունակում է ծանր մնալ. քայլել դեռեւս չի կարող խոսել, որոշ բառեր է դժվարությամբ արտաբերում։

Please enter a valid URL